Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության՝ «Միլանդր» ընկերության հայաստանյան մասնաճյուղ Milur Electronics ԲԲԸ-ն ռուսական ձեռնարկության հետ կապերի համար հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ:
Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Միլանդր» միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ: Նա հավելել է, որ դա արվել է, քանի որ ընկերությունն աշխատում է կամ աշխատում էր էլեկտրոնիկայի արտադրության ռուսական տիրույթում։ Բլինկենը նշել է, որ «Միլանդրը» Մոսկվայի գիտահետազոտական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաեւ, որ նշված ընկերության հետ կապի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն ու թայվանական Sharp Edge Engineering Inc-ը:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի՝ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 28 իրավաբանական եւ 14 ֆիզիկական անձանց: Նշվում է նաեւ, որ Հայաստանում գործող Milur Electronics-ը շվեյցարական MILUR SA ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն ստեղծվել է արտասահմանյան գործարաններում պատվերներ կատարելու, ինտեգրալային չիպեր արտադրելու եւ արտերկրում վաճառելու նպատակով: