ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցեր։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ դրան հետեւած եռակողմ հանդիպման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Պետքարտուղար Բլինկենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը եւ պետքարտուղար Բլինկենի անձնական ներգրավվածությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ: