Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել ազգայնացնել Securing Energy for Europe GmbH (SEFE) ընկերությունը։ Այն նախկինում պատկանել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը եւ ստեղծվել է ռուսական էներգետիկ հսկայի կողմից՝ Գերմանիայում գործունեություն ծավալելու համար, եւ նախկինում կոչվել է Gazprom Germania։ Անվանափոխությունը կատարվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։
SEFE-ի ազգայնացման մասին որոշումը գերմանական իշխանությունները հավանության են արժանացրել որպես երկրի էներգետիկ պահանջների բավարարմանը եւ ռուսական էներգակիրներից ունեցած կախվածությունից հրաժարմանը միտված գործողություն։ Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ SEFE-ի վերջնական սեփականատիրոջ հարցը պետք է կարգավորվեր, քանի որ կոնգր-ագենտ հանդիսացող ընկերությունները դժկամությամբ էին համագործակցում վերջինիս հետ։
Նշենք, որ ռուսական «Գազպրոմի» եւս մեկ դուստր ձեռնարկություն ազգայնացվել է Լեհաստանում։ Լեհական իշխանությունները որոշել են «Գազպրոմից» առգրավել EuRoPol GAZ ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը։ Նշենք, որ այս ընկերությունն էր իրականացնում «Յամալ-Եվրոպա» գազամուղի լեհական հատվածի կառավարումը որպես տեղական օպերատոր։
Ի պատասխան՝ Մոսկվան արգելել է EuRoPol GAZ-ին օգտագործել «Յամալ-Եվրոպա» գազամուղը դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման համար։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ռուսական «Գազպրոմն» էր հայտարարել, որ հրաժարվում է իր գերմանական դուստր ձեռնարկությունում ունեցած մասնաբաժնից ու ակտիվներից՝ մինչ այդ անհաջող կերպով փորձելով վերջինիս ակտիվները ձեւակերպել պետերբուրգյան մի փոքր ընկերության անունով։ Բացի այդ՝ մինչեւ ազգայնացման մասին որոշման հաստատվելը SEFE-ն, որն այն ժամանակ կոչվում էր Gazprom Germania, ըստ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշման, հավատարմագրային կառավարման տակ էր։ Նշենք նաեւ, որ հավատարմագրային կառավարման անցումից հետո Գերմանիայի պետական Kreditanstalt für Wiederaufbau (KfW) բանկը ռեկորդային ծավալի՝ 9,8 միլիարդ եվրո էր հատկացրել SEFE-ին։ Իսկ ահա այս տարվա նոյեմբերին այս ընկերությանը Եվրահանձնաժողովը հատկացրել էր 225,6 միլիոն եվրոյի օգնություն, որն արագացրեց, որպեսզի ընկերությունն ազգայնացվի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը