Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:
«Վարչապետը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումն ու դիտարկումները: Կարեւորվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, եւ ընդգծվել վերջինիս դերը կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանն ու սահմանային անվտանգությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական երկխոսության շուրջ:
Ավելի վաղ հատուկ բանագնացները հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։