Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունեց։ Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 296-ը, դեմ՝ 1-ը։
Բանաձեւի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաեւ պատգամավորներ Քրիստիան Կամբոն եւ Ժիլբեր-Լյուկ Դեւինազը։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը.
- պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
- կոչ է անում ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովելու նրանց վերադարձը հայրենիք,
- առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի ագրեսիան պատժելու նպատակով, ներառյալ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում,
- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ,
- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։
Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության 34.1-ին հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949-ի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969-ի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005-ի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձեւը, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը
ԼՂ անկախության թե՛ ճանաչման բանաձեւը, թե՛ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ ունեն եւ Ֆրանսիայի կառավարության համար պարտադիր իրավական ուժ չունեն։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։
Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում կառավարությանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղը։ Բանաձեւի ընդունմանը կողմ էր քվեարկել 305 սենատոր, դեմ՝ 1-ը։ Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվեց ԼՂ անկախությունը ճանաչելուց։ Նախկին պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին։