Կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը Երեւանում 453 հեկտար է, քաղաքի ընդհանուր տարածքի ընդամենը 2 տոկոսը: Այս թիվը գրեթե կրկնակի պակաս է քաղաքապետարանի պաշտոնական տվյալներից:
Ամբողջ ամառ Չարենց եւ Սայաթ-Նովա փողոցների հատման հատվածում բնակիչներն ու հարեւանությամբ գրասենյակների աշխատակիցները դաժան օրեր են ունեցել: Մայթի բարեկարգման պատճառով ստիպված էին փոշի շնչել, իրենց կյանքը վտանգելով՝ բանուկ փողոցով քայլել, աղմուկն անդադար էր:
Թվում էր՝ վերջ, սակայն ինչ-ինչ պատճառներով, ենթադրվում է՝ շինարարական սխալների, թարմ ասֆալտը քանդել ու նորից ասֆալտապատում են մայթը:
Սա դեռ ամենը չէ: Մայթի բարեկարգման պատճառով վնասվել են հաստաբուն ծառերը: Բարեկարգման աշխատանքների ժամանակ բնակիչներն ու անցորդները բազմիցս են նկատել ծառերի նկատմամբ անփույթ վերաբերմունքը եւ շինարարներին զգուշացրել, ահազանգել Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները եկել զգուշացրել են, որ ծառերը վնասելու դեպքում ստիպված են լինելու փոխհատուցել դրանց համար: Շինարարները պատճառաբանել են, որ ոռոգման ջուր չկա: Սակայն տարիներ շարունակ ջուրը խնդիր չի եղել, քանի որ բնակիչները ռետինե խողովակով պարբերաբար ջրել են ծառերը: Վերանորոգման աշխատանքների համար շինարարներն ամեն օր մեքենաներով ջուր են բերել, բայց դրանից ծառերին բաժին չի հասել: Երեք ծառ չորացել է: «Ակնհայտ է, որ խնդիրը միայն ջուրը չէ: Արմատները լիովին վնասված են»,- ասում են բնակիչները:
Սա միակ դեպքը չէ: Երեւանում բարեկարգման աշխատանքները գրեթե միշտ ուղեկցվում են կանաչ տարածքների նկատմամբ անխիղճ վերաբերմունքով: Հենց կանաչապատ տարածքներն են ծառայում շինաղբի ու տարաբնույթ թափոնների կուտակման վայր: Մայթերը սալիկապատվում են այնպես, որ ծառերի բաժակները լիովին փակվում են, արդյունքում ծառը բավարար սնուցման հնարավորություն չի ունենում եւ հիվանդանում, չորանում է:
«Երեւանի կենսաբազմազանությունը սերտորեն կապված է բնապահպանական ակտիվների որակի, ինչպես նաեւ կանաչ տարածքների գոյության հետ»,- առաջինն այս նախադասությունը կկարդաք, եթե այցելեք քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Բնապահպանություն» բաժին ու ծանոթանաք Երեւանի բնապահպանական նկարագրին: Այստեղից նաեւ կտեղեկանաք, որ մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը քաղաքում շուրջ 8 քմ է: Հաշվարկում ներառված են հանրային եւ մասնավոր տարածքների կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը, ներառյալ ծաղկաթմբերը եւ սիզամարգերը:
Երեւանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում մեկ բնակչին բաժին հասնող կանաչ տարածքը 7,6 քմ է (2017 թվական): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նվազագույն շեմ է սահմանել 9 քմ-ը: Նույն կազմակերպությունը կատարյալ պայման է համարում յուրաքանչյուր բնակչի համար 50 քմ կանաչ տարածքի ապահովումը:
Համաձայն կանխատեսումների՝ մինչեւ 2050 թվականը աշխարհի բնակչության շուրջ 70%-ը կսկսի ապրել քաղաքներում: Քաղաքներում բնակչության խտության ավելացումը կարող է հանգեցնել նոր ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտության՝ ի հաշիվ բաց եւ կանաչ տարածքների: Հետեւաբար քաղաքներում կանաչ տարածքների պահպանումը դարձել է կարեւոր խնդիր ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող երկրների համար: Երեւանն անմասն չէ: Մենք ամեն օր ականատես ենք, թե ինչպես են նոր շենքեր վեր խոյանում, զավթվում հնարավոր բոլոր ազատ տարածքները: Բայց եթե այլ երկրներում փորձում են գտնել այնպիսի լուծումներ, որ կանաչ տարածքները ոչ միայն չտուժեն, այլեւ ավելանան, Երեւանում կառուցապատման ամենահարմար տարածքները հենց երբեմնի կանաչ տարածքներն են: Նորագույն լուծումները, ինչպիսիք են ուղղաձիգ կանաչապատումը, տանիքների կանաչապատումը, բնահեն լուծումները, քաղաքներով հոսող գետահովիտների պահպանումը, բակային տարածքներում բանջարանոցների եւ այգիների հիմնումը եւ այլն, մեզ դեռ հասու չեն: Պատճառաբանությունները տարբեր են. դրանք կա՛մ թանկ են, կա՛մ լրացուցիչ խնամք ու ռեսուրս են պահանջում, կա՛մ մեր բնակլիմայական պայմաններին հարմար չեն… «Ուղղակի չկա ցանկություն»,- վստահ են մասնագետները:
Դեռեւս 2006-ին Երեւանի գլխավոր հատակագծով սահմանվել էր մեկ բնակչի հաշվով ունենալ 17 քմ կանաչ տարածք: «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով «նման հավակնոտ թիրախի հասնելու համար կարեւոր է ինտեգրել կանաչ տարածքների վերստեղծումը եւ բուսավերականգնումը բոլոր ոլորտների համապատասխան նախագծերում»: Դա կնպաստեր նաեւ օդի որակի բարելավմանը, կենսաբազմազանության պահպանությանը, կայուն շարժունությանն ու քաղաքացիների բարեկեցությանը: Բայց թե Երեւանում իրականացվող նախագծերում ինչու այս ամենը հաշվի չի առնվում, պարզ չէ:
Պարզ է այն, որ դեռ 16 տարի առաջ դրված նպատակին ոչ միայն չենք հասել, այլեւ չենք էլ ուզում հասնել:
Հատակագծի հաստատումից տասը տարի անց Երեւանում կենսաբազմազանության եւ կանաչ տարածքների հիմնական մարտահրավերների «ավելի լավ ըմբռնումով» 2030 թվականի համար առաջարկվել է նոր տեսլական: Դրա համաձայն՝ քաղաքապետարանը կենսաբազմազանությունը պետք է համարեր իր քաղաքաշինության անբաժանելի մասը եւ պահպաներ կենսաբազմազանության հարստությունը: «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում նախանշված են նաեւ անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք պետք է իրականացված լինեին մինչեւ 2022 թվականը:
Առաջիկա տարիների համար Կանաչ տարածքների վերականգնման եւ կայուն զարգացման ծրագրային հեռանկարներում մի նոր թիրախ է դրվել. մեկ շնչին ընկնող 7,6 քմ կանաչ զանգվածը հասցնել մինչեւ 12-12,5 քմ-ի:
Համարվում է, որ Երեւանի կանաչ տարածքները կրճատվել են հատկապես էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ ջեռուցման նպատակով հատվել է 170 հազար ծառ: Համարվում է նաեւ, որ 2004-ից մայրաքաղաքում նկատվել է կանաչ տարածքների աճ: Սակայն հենց այս տարիներին են օտարվել քաղաքի կանաչ պատառիկները, որոնց վրա այսօր սեփականատերերն իրենց երազանքի շինարարությունն են իրականացնում:
Նրանց այս իղձը իրագործելու համար հատուկ որոշում է ընդունվել, ըստ որի՝ հողամասի սեփականատերը ծառաթփային բուսականության հատումը կամ վերակառուցումը կատարում է իր հայեցողությամբ, առանց թույլտվության ձեւակերպման: Բազմաթիվ են դեպքերը, երբ ծառերի հատման ահազանգին հետեւել է պարզաբանում, որ սեփականատերը հատել է իր տարածքում գտնվող ծառերը:
Մինչդեռ Երեւանի ավագանու որոշմամբ հաստատված քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոններով ծառերի, թփերի հատումը եւ բուսաշերտի տեղահանումը թույլատրվում են քաղաքի զարգացման ծրագրին համապատասխան նախագծի իրականացման, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության, սանիտարական եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա կամ վթարային արտակարգ իրավիճակների վերացման նպատակով: Սանիտարական հատումների եւ կանաչ գոտու վերաձեւավորում էլ կարելի է միայն գլխավոր դենդրոլոգի հետ համաձայնեցնելուց հետո:
Մնացած բոլոր դեպքերում կանաչ զանգվածի կորուստը ենթակա է փոխհատուցման:
2019 թվականի դեկտեմբերից քաղաքի կանաչ տարածքների պահպանումը եւ կանաչապատման գործառույթն իրականացնում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ):
Ամեն տարի ապրիլի առաջին կեսին հատման ենթակա չորացած կամ վթարային ծառերը հաշվառում են, համապատասխան ակտ կազմում, լիազոր մարմինը՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը, թույլտվություն է տալիս, որից հետո դրանք հատվում են:
«Եթե ծառը կենսունակ է լինում, մինչեւ 3 մետր իջեցնում ենք, մասնակի երիտասարդացում ենք կատարում»,- ասում է Երեւանի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:
«Լինում են դեպքեր, երբ կառուցապատողը դիմում է մեզ, որ մի քանի ծառ հատի, մենք հաշվարկում ենք, թե որքան կկազմի վնասը: Նման դեպքերում կառուցապատողը պարտավորվում է մեր առաջարկած քանակով տնկում կատարել նույն տեղում կամ քաղաքի մեկ այլ հատվածում կամ փոխհատուցել վնասի հաշվարկված չափով»,- պարզաբանում է գլխավոր դենդրոլոգը:
Օրինակ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հարեւանությամբ իրականացվող շինարարության համար կառուցապատողը ցանկանում է հատել իրեն խանգարող չորս թեղիները: Դրանց վնասը հաշվարկվել է 805 հազար դրամ: Կառուցապատողը պետք է կա՛մ իր ուժերով հատի ու փոխհատուցում վճարի, կա՛մ տնկի համարժեք քանակի ծառեր, օրինակ՝ տասը գնդաձեւ ակացիա:
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պատասխանատուները հավաստիացնում են, որ բազմիցս դիմել են կառուցապատողներին ու բարեկարգման աշխատանքներ կատարողներին, որպեսզի համագործակցեն իրենց հետ եւ չվնասեն կանաչ տարածքները: Իրենց մասնագետները պատրաստ են տեղում հետեւելու գործողություններին ու համապատասխան խորհուրդներ տալ: «Տենդերները շահող կազմակերպությունները պետք է հետեւեն նորմատիվներին»,- ասում են նրանք:
Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ տարածքը բարեկարգվում է, հետո է միայն պարզվում, որ ծառերը սալիկապատման զոհ են դարձել: Նման դեպքերում բարեկարգող ընկերությունը պետք է քանդի ու շտկի թերությունները: «Բայց դե հո չեն քանդելու արդեն արված աշխատանքը»,- սա է մեզ համար առավել ընդունելի պատասխանը: Պահանջատիրության բացակայության պայմաններում էլ ունենք այն, ինչ ունենք:
Ինչպես նշեցինք, կան բազում լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքում ապահովելու կանաչ զանգվածի անհրաժեշտ մակերեսը, ապահովել ծառերի եւ թփերի երկարակեցությունը: Սակայն մեր վարքագծի պայմաններում դրանք կիրառելի չեն:
«Դիտարկել ենք ծառաբաժակների մուլչապատումը, որը կնպաստի խոնավության պահպանությանը: Հատկապես որ էտի արդյունքում բավարար քանակի հավաքած մուլչ ունենք: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ծխախոտի մնացորդը սովորության համաձայն այդտեղ գցեն»,- ասում է ՀՈԱԿ աշխատակից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը:
ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավաստիացնում են, որ անում են հնարավորը ինչպես կանաչ ֆոնդը թարմացնելու, այնպես էլ եղած ծառերը պահպանելու համար: Սակայն տարիներ շարունակ Երեւանում ծառերի սխալ խնամք է կատարվել, խոր կամ սխալ էտի հետեւանքով ծառերի մեծ մասը «հաշմանդամ» է, եւ ստիպված են տալ իրավիճակային, ոչ թե ցանկալի լուծում:
ՀԱԱՀ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնը վերապատրաստման ծրագիր է մշակել: Վերապատրաստելու են նաեւ ՀՈԱԿ մասնագետներին ու սղոցարարներին: Ակնկալում են, որ որակյալ մասնագետների առկայության դեպքում էականորեն կբարձրանա քաղաքում ծառերի խնամքի որակը:
Բայց մինչ այդ ստիպված ենք հաշվի նստել իրական թվերի հետ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտողներ Աղավնի Հարությունյանն ու Տաթեւ Հարոյանը տարածական տվյալների վերլուծությամբ Երեւանի կանաչ տարածքների հասանելիության, մատչելիության եւ ապահովության գնահատում են կատարել:
Հետազոտողները քաղաքապետարանի պաշտոնական կայքից վերցրել են կանաչ տարածքների, մասնավորապես զբոսայգիների վերաբերյալ մանրամասն տվյալները, ապա քարտեզագրել ու ճշգրտել դրանց սահմանները:
Բացահայտել, որ կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը Երեւանում 453 հեկտար է, քաղաքի ընդհանուր տարածքի ընդամենը 2 տոկոսը: Այս թիվը գրեթե կրկնակի պակաս է քաղաքապետարանի պաշտոնական տվյալներից (852 հեկտար), քանի որ հետազոտողների հաշվարկների հիմքում միայն հանրային զբոսայգիները, պուրակներն ու այգիներն են:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։