Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2,961,367 է։ Մեր երկրում ապրում է 63 եւ ավելի բարձր տարիքի 458,399 քաղաքացի, որը բնակչության 15,5 տոկոսն է։ Այս ցուցանիշներով Հայաստանը համարվում է ծերացող երկիր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ գրանցված աշխատանք ունի 63 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիների ընդամենը 12 տոկոսը։ Ծերացող հասարակություններում շատ կարեւոր է տարեցներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելը, նրանց աշխատանքով ապահովելը։
Հայաստանը 1995 թվականին վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 1958 թվականին ընդունած ժնեւյան կոնվենցիան, որով արգելվում է աշխատանքային խտրականությունը տարիքի պատճառով: Մեր երկրում, սակայն, բազմաթիվ տարեցներ զրկվում են աշխատանքից կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացրել է տարեցների շահերի պաշտպանությանն ուղղված ծրագիր, որի առանցքում եղել են տարեցների աշխատանքային իրավունքները։ Ծրագրի համակարգող Սիրանուշ Սողոմոնյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ բազմաթիվ տարեցներ իսկապես մեծ պոտենցիալ ունեն։
««Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տնային եւ ցերեկային խնամքի տարաբնույթ սոցիալական ծառայություններ է մատուցում տարեցներին։ Քանի որ կարեւորում ենք տարեցների զբաղվածության խնդիրը, նախաձեռնեցինք «Բարի կարի լաբ» սոցիալական ձեռներեցության ծրագիրը․ տարեցները կարում են եւ գումար վաստակում։ Այդ ծրագրով երկու խնդիր ենք լուծում՝ եկամտի եւ զբաղվածության»,- ասում է Սիրանուշ Սողոմոնյանը։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահերի պաշտպանության մասնագետ Գոհար Խաչատրյանն ասում է՝ ՀԿ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են առկա իրավակարգավորումները, առանձնացրել խնդրահարույց կարգավորումները, ապա աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկների փաթեթ մշակել։ Նամակ-վերլուծությունն ուղարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ԱԺ։
Տարիքի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ըստ որի՝ գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծելու թե՛ անորոշ, թե՛ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի 65 տարին լրանալու հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով։
«Մենք առաջարկում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը սահմանել ոչ թե տարիքը աշխատանքային պայմանագրով ամրագրելը, այլ՝ տվյալ աշխատանքի համար նախատեսվող պահանջներին անձի ունակությունների եւ հմտություննների անհամապատասխանությունը»,- ասում է Գոհար Խաչատրյանը։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչները որոշում կայացնողների հետ արդեն հանդիպում են ունեցել։
«Հուսանք՝ դրական արդյունքի կհասնենք, եւ առաջիկայում աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կլինեն»,- ասում է Սիրանուշ Սողոմոնյանը։
Զբաղվածություն, աշխատանք ունեցող տարեցների կյանքի որակն ավելի բարձր է, բազմաթիվ տարեցներ ուզում են ու կարող են աշխատել։
Գավառի պոլիկլինիկայի 72-ամյա ընտանեկան բժիշկ Լիլիկ Զոհրաբյանը 25 տարեկանում Հիպոկրատի երդումը տալուց հետո 47 տարի աշխատում է։ Նա էներգիայով լի է, կյանքը չի պատկերացնում առանց սիրելի աշխատանքի։
«Վստահ եմ՝ բազմաթիվ այլ քաղաքացիներ կենսաթոշակային տարիքից հետո էլ մեծ եռանդ, փորձ ու հմտություններ ունեն եւ ուզում են աշխատել։ Իմ աշխատանքն ինձ համար պարզապես պարտականություն չէ․ այն առաքելություն է, իմ կյանքի անքակտելի բաղադրիչը։ Որպես բժիշկ՝ կարող եմ ասել՝ աշխատանք, զբաղվածություն, սիրելի զբաղմունք ունեցող մարդու կյանքի որակն ավելի բարձր է, մարդն իրեն օգտակար է զգում»,- ասում է Լիլիկ Զոհրաբյանը։
Այժմ մեր երկրում բազմաթիվ տարեցներ կան, որ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո հնարավորություն չեն ունեցել աշխատանքը շարունակելու։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն փորձում է տարեցների զբաղվածության խնդիրը լուծել՝ Հայաստանում հիմնելով ցերեկային կենտրոններ։ Մայրաքաղաքում վեց ցերեկային կենտրոն կա, եւս 13 կենտրոն՝ վեց մարզում՝ Կոտայքում, Լոռիում, Արարատում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում։ Տարեցները կարող են ընտրել իրենց նախասիրություններին ու հմտություններին համապատասխան խմբակներ։ Նաեւ էքսկուրսիաներ, միջոցառումներ են կազմակերպվում տարեցների համար, տարեցների մասնակցությամբ։ Ցերեկային կենտրոններում նրանք նաեւ օրական մեկ անգամ սնունդ են ստանում, քանի որ բավական երկար ժամանակ են անցկացնում այնտեղ. կենտրոնները գործում են 9:00-18:00-ն։
«Ցերեկային կենտրոնները գործում են Կառավարության ֆինանսավորմամբ։ Տարեցները կարող են դիմել իրենց համայնքին կից միասնական սոցիալական ծառայություն, որտեղ նրանց կտրամադրվի ուղեգիր, ու կկարողանան այցելել ցերեկային կենտրոն»,- ասում է Սիրանուշ Սողոմոնյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։