Ըստ Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Աբդոլահիանը հակասություններն ու թյուրըմբռնումները վերացնելու լավագույն ուղի է անվանել դիվանագիտական եւ պաշտոնական խողովակները եւ ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի քննարկումը ոչ միայն չի օգնում խնդիրների լուծմանը, այլեւ թշնամիների համար իրավիճակից օգտվելու հիմքեր է ստեղծում:
Իրանի արտգործնախարարը հարեւան երկրների, դրանց թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել եւ շեշտել երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Աբդոլահիանն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցել Թեհրանում «3+3»-ի՝ որպես դիվանագիտական ճանապարհով տարածաշրջանային հարցերի կարգավորման մեխանիզմի հանդիպմանը:
Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին դրական է որակել երկու երկրի նախագահների՝ Աստանայի հանդիպումն ու Թեհրանի եւ Բաքվի պաշտոնյաների հանդիպումներն ու հեռախոսազրույցները եւ նշել, որ Ադրբեջանը պատրաստակամ է հարաբերությունների ընդլայնման եւ թյուրըմբռնումների վերացման հարցում: