ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023-ի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Նա հավելել է, որ առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024-ի գարնանը:
«Հայտարարագրումը հաշվետվողականության եւ թափանցիկության մշակույթի ձեւավորման կարեւոր հիմք է: Այս միջոցառումն ունի հատկապես մեծ կարեւորություն երկարաժամկետ հատվածում վարքագծային փոփոխությունների առումով»,- նշել է նախարարը:
Հարկային մարմինները պետք է նախապատրաստեն եւ իրենց հայտնի տեղեկություններով լրացված հարկային հայտարարագրերը ներկայացնեն քաղաքացիների հաստատմանը:
Խաչատրյանը նշել է, որ այն դեպքերում, երբ հարկային տեղեկատվական բազաներում բացակայելու պատճառով քաղաքացիների որոշ եկամուտներ ներառված չեն լինի հայտարարագրերում, նրանք դրանց վերաբերող տեղեկությունները կճշտեն, կհաստատեն եւ դրանք կվերադարձնեն հարկային մարմիններին: