ԱՄՆ-ը եւ «եվրոեռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդին են ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության ձգտման բացակայությանը վերաբերող եւ Թեհրանին դատապարտող բանաձեւի նախագիծ:
Ավելի վաղ պատրաստված բանաձեւի նախագիծն առնչվում է Իրանի երեք միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերմանը: Խորհուրդը համարում է, որ Իրանը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի եւ տեխնիկապես հավաստի բացատրություններ տա այդ օբյեկտներում ուրանի հետքերի վերաբերյալ:
Նշված օբյեկտներ գործակալության տեսուչներին մուտքի իրավունք տրամադրելու պահանջն իրանական միջուկային ծրագրի շուրջ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերականգնման առանցքային պայմաններից մեկն է:
Հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձեւ, որը Թեհրանին դատապարտում է պահանջվող տեղեկություն տալուց հրաժարվելու համար: Փաստաթղթի օգտին քվեարկել է 30 պետություն, Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են արտահայտվել, Հնդկաստանը, Լիբիան եւ Պակիստանը ձեռնպահ են մնացել: