Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2022-ի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության եւ մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաեւ ավելի քիչ ամուսնանալ եւ ավելի շատ ամուսնալուծվել։
Այսպես` 2022-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26 հազար 511 երեխա։ Այս ցուցանիշը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26 հազար 847 ծնված)։ 2022-ի առաջին ինն ամիսներին երկրում մահացել է 20 հազար 597 մարդ, ինչը 2021-ի ցուցանիշից 3077–ով քիչ է:
Ամուսնացողները քիչ են, ամուսնալուծվողները՝ շատ
2022-ի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12 հազար 305 ամուսնություն, մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում այս թիվը 12 հազար 796 է եղել։ Ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը եղել է 3379, ինչը 82-ով շատ է 2021-ի ցուցանիշից։
Հայաստանում, ըստ կանխատեսումների, 2023-ին կծնվի շուրջ 36 հազար երեխա՝ 2022-ի 37 հազարի դիմաց։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050-ին կարող է նվազել՝ հասնելով 24 հազարի։ Երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։