«Ադրբեջանական ինտերնետ ֆորումի» ղեկավար Օսման Գյունդուզին հայտնել է, որ Microsoft ընկերության ներկայացուցչությունը դադարեցնում է Ադրբեջանում իր գործունեությունը։
Գյունդուզին ընդգծել է, որ համաշխարհային հսկայի ներկայացուցչությունը փակվելու եզրին է։ Գրասենյակի ղեկավարը եւ աշխատակիցների մեծ մասն աշխատանքից ազատվել են։ Նրանց անգամ այլ երկրներում գործող գրասենյակներում են աշխատանք առաջարկել։ Փակման պատճառների մասին չեն հայտնում։
«Այն, որ Microsoft-ը լքում է Ադրբեջանը, «ուղեղի մեջ չտեղավորվող» իրադարձություն է»,- գրել է ադրբեջանական ֆորումի ղեկավարը։
Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունում մեկնաբանելով ընկերության փակման մասին լուրերը` հայտարարել են, որ յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում իր ռազմավարությունն ու գործունեության ոլորտը։
Գերատեսչությունից համոզմունք են հայտնել, թե դա չի նշանակում Microsoft-ի եւ հանրապետության կառավարության համագործակցության դադարեցում։ Ըստ նախարարության՝ ընկերությունն իր գործընկերների միջոցով շարունակում է համագործակցությունը Ադրբեջանի պետական կառույցների եւ մասնավոր ընկերությունների հետ։
Microsoft ընկերությունից առայժմ մեկնաբանություն չի եղել։