ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Իռլանդիայի ղեկավարության 52 անդամների եւ քաղաքական գործիչների նկատմամբ։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դա արվել է «ի պատասխան Իռլանդիայի կառավարության հակառուսական կուրսի, որն անվերապահորեն աջակցում է ՌԴ քաղաքացիների նկատմամբ Եվրամիության սահմանած միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք նպատակ ունեն Ռուսաստանը միջազգայնորեն մեկուսացնելու:
Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Իռլանդիան Բրյուսելի թելադրանքով ագրեսիվ հակառուսական քարոզչություն է վարում: «Իռլանդիայում ռուսաֆոբ հիստերիայի բորբոքման հետեւանքներից մեկն այս տարվա մարտին Դուբլինում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումն էր»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսական պատժամիջոցների ցանկում են հայտնվել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, նրա տեղակալ Լեո Վարադկարը, Դոյլի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Շոն Օ’Ֆորիլը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարար Սայմոն Քովնին, գլխավոր դատախազ Հելեն Մակինթին եւ մի շարք սենատորներ եւ խորհրդարանի ստորին պալատի անդամներ: