Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շարունակելու Հայաստանի հետ բանակցային գործընթացը:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին եւ երկու կողմերին կոչ է արել պլանավորելու հետագա բանակցությունները Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բլինքենն Ալիեւի հետ զրույցում հորդորել է պահպանել հրադադարը, զերծ մնալ սադրանքներից եւ ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար։
Բլինքենն ավելի վաղ թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանելու բանակցությունների տեմպը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած զրույցից հետո։