«Գյումրի ԻնֆոՏանը» տեղեկատվական հանդիպում էր։ «Իջեւան Ինֆոտունը» «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում հանդիպեց աշխատող գյումրեցիների հետ։
Քննարկման թեման աշխատանքի իրավունքն էր, որի չիմացության բացը մեծ խնդիր է։ Առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներ, ոտնահարված իրավունքներ, չվճարվող արձակուրդ, հանգստյան օրերին եւ արտաժամյա աշխատանքի պարտադրանք եւ գործատուի իրավունքների վերազանցման այլ օրինակներ քննարկվեցին։
Հանդիպման հիմնական առանցքը, սակայն, նոր կայքի՝ azdarar.mdi.am-ի ներկայացումն էր։ Որպեսզի աշխատողը կարողանա ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները, Եվրոպական միության ֆինանսավորմամբ աշխատանքային իրավունքների վերաբերյալ քաղաքացիներից անանուն բողոքներ ստանալու նպատակով կայք է ստեղծվել։
Եթե քաղաքացու իրավունքը ոտնահարվել է, կարող է մուտք գործել նորաստեղծ կայք եւ առանց անձնական տվյալները մուտքագրելու ներկայացնել խնդիրները։ Իրավաբանը դիմումը կվերլուծի եւ իրավաբանական ճիշտ խորհրդով կուղղորդի քաղաքացուն։
«Իջեւանի ԻնֆոՏան» համակարգող Նարեկ Վարշամյանն ասում է՝ օրենքի իմացությունը քաղաքացու ամենահուսալի պաշտպանն է։ Վստահ է՝ նորաբաց կայքը քաղաքացու իրավաբանական ընկերը կդառնա, կլրացնի օրենքի չիմացության բացը։ «Երբեմն գործատուն մինչեւ աշխատողին աշխատանքի ընդունելը այլ պատկեր է ներկայացնում, խնդիրները սկսում են ի հայտ գալ աշխատանքի ընթացքում»։
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Տաթեւիկ Ղարիբյանն ասում է՝ կայքը սեպտեմբերից է գործում, բայց արդեն նշմարվում են առաջին պտուղները։ Անվճար խորհրդատվությունը հասանելի է բոլոր ցանկացողներին։
«Իրավաբանը ոչ թե բանակցում է դիմող աշխատողի գործատուի հետ, այլ սովորեցնում է ինչպես դա անել ինքնուրույն»։
«ՕքսեՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը կայքի ստեղծումը օրվա պահանջ է համարում, քանի որ հատկապես մարզերում աշխատատեղերի սահմանափակ լինելը պատճառ է դառնում, որ գործատուն անարգել խախտի աշխատողների իրավունքները։ Աշխատանք կորցնելու վախը ստիպում է քաղաքացուն լռել ու հարմարվել։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ կայքն անանուն է։
Նշենք, որ ծրագիրն իրականություն է դարձել նաեւ «ՕքսԵՋեն» եւ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամների, «Սոցիոսկոպ», «Ասպարեզ» լրագրողների ակումբ, «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների շնորհիվ։
Նույն բովանդակության տեղեկատվական արշավներ կիրականացվեն նաեւ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում եւ Երեւանում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։