Մեզ ցավ է պատճառում մեր պարտությունը։ Պարտություն, որի հնարավորությունը բացառում էինք։ Հավատացրել էինք մեզ, թե ուժեղ ենք ու անպարտ։
Ցավ է պատճառում, որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք ու դուրս գալու նպատակ չունեն։ Վիրավորական է ու նվաստացուցիչ։ Ցավ է պատճառում, որ մեզ պայմաններ են պարտադրում, հոխորտում են գրավել նոր տարածքներ։
Դիմում ենք տարատեսակ միջազգային կառույցների, դիմում ենք աշխարհի հզորներին, նեղանում ենք ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, որ մեզ չեն օգնում, ադրբեջանցիներին դուրս չեն քշում մեր երկրից, մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն վերականգնում։
Կասկածում ենք՝ արդյո՞ք մեզ աջակցելու հարցում Ամերիկան ու Ֆրանսիան ավելի հետեւողական կգտնվեն։ Դիմում ենք նրանց օգնությանը։ Օր առաջ հզորանալու, պաշտպանվել կարողանալու, նրանց մեր սահմաններից հեռու վանելու անհրաժեշտությունից ենք խոսում։ Երկու տարի է՝ բողոքում ենք, հուսահատվում ենք, զայրանում ենք, անիծում ենք, լուծումներ ենք փնտրում ու չենք գտնում։
Իսկ հիմա մտովի պատկերացնենք (եթե, իհարկե, կարող ենք, եթե, իհարկե, ի վիճակի ենք, եթե ցանկանում ենք), թե ինչ են 25-26 տարի շարունակ զգացել ադրբեջանցիները։ Մենք գրավել էինք նրանց երկրից յոթ շրջան ու վերադարձնել չէինք պատրաստվում։ Սկզբում մենք դրանք անվտանգության գոտիներ էինք հայտարարել, ավելի ուշ հայտարարեցինք, որ մերն են ու որպես վարչատարածքային միավորներ ընդգրկեցինք Արցախի կազմում՝ հասկացնելով բոլորին, որ վերադարձնելու ծրագիր չունենք։ Որոշել էինք, թե մերն է այն ամենն, ինչ գրավել ենք, թե նոր սահմաններ գծելու իրավունք ունենք։
Ողջ աշխարհն այդ անեքսիան չէր ընդունում, իսկ մենք մերն էինք պնդում։ Ադրբեջանցիներն իրենց տարածքների միայն մի մասի վերադարձի դիմաց Արցախի հարցում պատրաստ էին զիջումների ու հաշտության, իսկ մենք ոչինչ վերադարձնել չէինք ցանկանում։ Մեզ ուժեղ էինք զգում ու, մեր թվացյալ ուժին ապավինած, սպառնում էինք, թե նոր տարածքներ ենք գրավելու։ Անդրդվելի էինք մենք ու դաժան։ Չէինք լսում ոչ մի հորդոր ու սթափեցնող ոչ մի խոսք։
Մեր ցանած սերմն առատ բերք է տվել։ Դերերը փոխվել են. մեր տարածքներն են այսօր գրավում, մենք ենք խոսում սահմանների անձեռնմխելիությունից ու սահմաններ հատելու անթույլատրելիությունից։ Մենք ենք այսօր պարտված։
Ծանր է մեր պարտությունը, բայց չկա այլ մեղավոր մեզնից բացի։ Մեր այսօրը ճիշտ հաշվարկ կատարել չկարողանալու, մեր անպատասխանատվության, վերջին հաշվով, իրականության սխալ ընկալման հետեւանքն է։
Իրականության սխալ ընկալումն էր պատճառը, որ 1997-ին Արցախի իշխանություններն ու Հայաստանում իշխանության առանցքային դեմքերը` Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մերժեն խաղաղության հաստատման հնարավորությունը։ Իրականության սխալ ընկալումն էր պատճառը, որ մեր հանրության բացարձակ մեծամասնությունը ընդունեց նրանց տարբերակը եւ 23 տարի շարունակ ներշնչեց իրեն, թե հզոր ենք մենք ու անպարտ, թե ոչ մի մետր հող էլ չենք զիջելու, թե հաղթել ենք ու դրել վերջակետը։
Այսքան կորուստներից ու այս դառը պարտությունից հետո էլ դեռ ուշքի չենք գալիս ու իրականություն չենք վերադառնում։ Չենք ցանկանում տեսնել մեր սխալները։ Խոսում ենք Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներխուժման մասին ու մոռանում ենք, թե որտեղ էին մեր զորամիավորումները երկու տարի առաջ, ինչու ծագեց 44-օրյա պատերազմը, եւ ինչու պարտվեցինք մենք։
Պետք է գիտակցենք խորապես, որ մեր այսօրը երեկ կատարած մեր ընտրության արդյունքն է։ Մենք ենք հրաժարվել խաղաղության տանող առաջին քայլն անելուց եւ, բնականաբար, մեզ է վերադարձել մեր նետած բումերանգը։
Որպեսզի նոր պարտություններ չգրանցենք, պետք է ընդունենք ու ճանաչենք մեր այս պարտությունը։
Պետք է դառնանք իրատես եւ իրականության հստակ ընկալմամբ, մեր հնարավորությունների հստակ գիտակցմամբ նախագծենք վաղվա օր տանող մեր ճանապարհը եւ այդ ճանապարհին արվելիք յուրաքանչյուր նշանակալի քայլ։ Իսկ առաջին քայլը պետք է սեփական սխալների վերլուծումն ու դրանց մասին բարձրաձայն խոսելը լինի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։