«Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տեւական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում։ Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթեւեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր»,- նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելեց, որ Լարսի անցակետը հատելու համար Վրաստանում 1600 մեքենա է սպասում։ Լարսում թողունակությունը վերականգնվել է․ օրական 100-160 մեքենա է հատում սահմանը, բայց քանի որ կուտակումներ կային, մեծ հերթը պահպանվում է։
Տասնամյակներ գոյություն ունեցող խնդիրն էլ ավելի սրվեց Ղրիմի կամրջի պայթյունից հետո ռուսական կողմի՝ «հավելյալ անվտանգային միջոցներ ձեռնարկելու» պատճառաբանությամբ։ Եթե մինչ այդ դեպքը Լարսի անցակետերում միայն կասկածելի բեռնատարներն էին մանրամասն զննվում, ռենտգեն ստուգման ենթարկվում, ապա հիմա բոլորն են ստուգվում։ Եվ մեր երկրից գնացող բեռնատարները շաբաթներով սպասում են, որ հատեն այդ անցակետն ու հասնեն ՌԴ։ Նույն վիճակն է նաեւ վերադառնալիս։
Անցած շաբաթ Հայաստանում էին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամները։ ՀՀ խորհրդարանականները Վերին Լարսի այդ խնդիրը առաջ քաշեցին։ Կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաեւը հայտարարել էր, թե «կազմվել է ճանապարհային քարտեզ, որը կօգնի լուծելու Վերին Լարսի խնդիրները»։
Ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը՝ փորձեցինք պարզել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանից։ «Անցակետում զննման համար կա 3 սկաներ, բայց դրանք քիչ են առկա ծավալը սպասարկելու համար։ Քննարկեցինք ավելացնելու հարցը, խոստացան հնարավորության դեպքում լուծել։ Երկրորդը՝ արագ փչացող սնունդը արագ պետք է անցնի այդ պրոցեսը։ Տեսնենք, թե մեր պայմանավորվածություններն ինչ ժամանակում կլուծվեն»,- պատասխանեց պատգամավորը։
Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության տնօրեն Միքայել Կարապետյանը հակադարձում է՝ հիմա էլ արագ փչացող բեռները առաջնահերթ կարգով են զննվում, բայց, միեւնույնն է, 10-15 օր է տեւում։ Իսկ այդ ընթացքում մեքենաների մեջ ծաղիկը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը փչանում են։
Ընկերության բեռնատարներից մեկը հոկտեմբերի 18-ին է դուրս եկել Երեւանից, նոյեմբերի 14-ին նոր հասել է Մոսկվա։ Կարապետյանն ասում է՝ եթե անգամ ապրանքը փչացող չէ, երկար սպասելու պատճառով բեռնափոխադրողը լրացուցիչ ծախսեր է անում, ինչն ազդում է ապրանքի գնի վրա՝ թանկացնում եւ մրցունակությունը թուլացնում է։ Իսկ ինչ վերաբերում է սկաներները կամ ռենտգեն սարքավորումները ավելացնելուն, մինչ դրանց ներդրումն էլ հնարավոր է ավելի արագ աշխատել. «Եթե 24-ժամյա ռեժիմով բոլոր անցակետերը աշխատեն, օրական կարող են 400-500 մեքենա սպասարկել։ Հիմա 100-150 մեքենա հազիվ են բաց թողնում։ Ռուսական կողմը շատ դանդաղ է աշխատում»։
Ուրեմն ո՞րն է դանդաղ աշխատելու պատճառը, արդյո՞ք հիմքում քաղաքական հարաբերություններն են։ Չէ՞ որ վերջին շրջանում ՀՀ պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ են դժգոհում ՌԴ-ից։ «Ես չեմ ուզենա նման գնահատական տալ, լիահույս եմ, որ նման բան չկա։ Այն պահին, երբ իմանանք, որ միտումնավոր է, համապատասխան գնահատական կտանք։ Այս փուլում ես նման ձեւակերպում չեմ կարող տալ։ Մենք ինտենսիվ լուծումների ակնկալիք ունենք։ Կարծում եմ՝ պատասխանը շատ չի ուշանա»,- պատասխանեց Վաղարշակ Հակոբյանը։
«Իմ սուբյեկտիվ կարծիքով դա ՌԴ-ի հետ տնտեսական կապերի հետեւանքն է, նաեւ ոչ պրոֆեսիոնալիզմի ու բյուրոկրատիայի արդյունք, որն էլ կոռուպցիոն ռիսկերի է բերում»,- հավելեց Կարապետյանը։
Վերջինս չցանկացավ շատ մանրամասնել, բայց այլ բեռնափոխադրողներ, որոնք չուզեցին ներկայանալ, նշեցին, որ ռուս ծառայողները դեմ չեն, որ գումարի դիմաց անհերթ սպասարկեն, եւ դա անում են։
Նշենք, որ Լարսի ծանրաբեռնվածությունն ավելացել է նաեւ օբյեկտիվ պատճառներով. ռուս-ուկրաինական պատերազմից հետո կտրուկ ավելացել է մեր երկու երկրների ապրանքաշրջանառությունը։ Ըստ Քերոբյանի՝ միայն հոկտեմբերին դեպի ՌԴ արտահանումն ավելացել է 120 տոկոսով։
Հետաքրքիր է, որ ավելացել է նաեւ Վրաստանից դեպի ՌԴ արտահանումը։ Նախկինում՝ Միխեիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ, վրաց-ռուսական տնտեսական կապերը նվազագույնի էին հասցվել։ ՌԴ-ն դադարեցրել էր վրացական գինու, գյուղմթերքի, հանքային ջրի եւ այլ ապրանքների ներմուծումը։ Բայց հետո, երբ իշխանության եկավ ՌԴ-ում մեծ բիզնես գործունեություն ծավալած Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը, ռուսական տնտեսական էմբարգոն աստիճանաբար թուլացավ։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների ստեղծած հնարավորություններից սկսեց օգտվել նաեւ Վրաստանը։
Իսկ դա ճնշում է մեր արտահանմանը. բեռնափոխադրողներն ասում են՝ վրացական կողմն ամեն ինչ անում է, որ նախ իրենց մեքենաները հատեն ռուս-վրացական սահմանը։ Նաեւ դա է պատճառը, որ հայկական մեքենաների 5-6 կիլոմետրանոց հերթեր են գոյացել Թբիլիսիի մատույցներում։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։