Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ տեղեկության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանը մշտապես հաղորդագրություններ է փոխանակում ամերիկյան կողմի հետ, վերջին փոխանակումը տեղի է ունեցել անցած 72 ժամվա ընթացքում:
«ԱՄՆ-ը մի շարք երկրների արտգործնախարարների անունից արված հաղորդագրոթյունների միջոցով ազդարարել է, որ շտապում է ԳՀՀԾ-ի վերականգնման հարցում, մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հարցազրույցներում հայտարարում են, թե ԳՀՀԾ-ն Վաշինգտոնի առաջնահերթությունը չէ, եւ շարունակում են աջակցել Իրանում տեղի ունեցող խռովություններին»,- շեշտել է Աբդոլահիանը:
Աբդոլահիանն ընդգծել է, որ Իրանը երբեք ամերիկյան ճնշման տակ չի հատի իր կարմիր գծերը, կպաշտպանի իր ազգային շահերը եւ կշարունակի ջանքեր գործադրել բանակցությունների ընթացքում:
2021-ից Վիեննայում ԳՀՀԾ-ն ստորագրած երկրների միջեւ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ, որոնց նպատակն է վերականգնել համաձայնագիրը եւ չեղարկել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։