Կառավարությունը նոյեմբերի 17-ին որոշել է հանրային գերակա շահ ճանաչել Երեւանի Ամիրյան, Սարյան, Փավստոս Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքները։
Նախատեսվում են Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Վերոհիշյալ տարածքներում «Ջի Էմ Դեւելոփեր» ընկերությունը Կառավարության թույլտվությամբ շինարարական աշխատանքներ կսկսի։
Դեռ 2017-ին Կառավարությունը հավանություն է տվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի հարակից տարածքում, ընկերության բազմաբնակարան շենք կառուցելու ներդրումային ծրագրին:
1-ին փուլում Երեւանի վերոնշյալ տարածքում կկառուցվի բազմաբնակարան շենք, ինչպես նաեւ մոտ 955,69 քմ հողամասի վրա կապամոնտաժվի առկա շենքը, եւ կկառուցվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը։
2-րդ փուլով Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում կկառուցվեն մեկ բազմաբնակարան շենք եւ մեկ հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով:
Երեւանում չորրորդ կարգի՝ քանդման ենթակա 13 վթարային շենք կա
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հավանություն է տվել Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 10 եւ 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը քանդվելու են, դրանց տեղում նորերը կկառուցվեն։
Ըստ Երեւանի փոխքաղաքապետ Ավինյանի զեկույցի՝ Երեւանում չորրորդ կարգի 13 վթարային շենք կա։