Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում շաքարային դիաբետի աճ ու երիտասարդացում է արձանագրում։ Եթե 1980-ին աշխարհում շաքարախտով հիվանդների թիվը 108 միլիոն էր, 2045-ին, ԱՀԿ-ի կանխատեսմամբ, այդ թիվը կարող է հասնել 700 միլիոնի։
Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանը հայտնել է, որ միայն 2020-ի տվյալներով` Հայաստանում դիաբետով հիվանդ 110 հազար մարդ կա։ Այս թիվը 1990-ից հետո ավելացել է 2,3 անգամ։ Հատկապես մեծ թիվ է գրանցվել 2020-ի ՔՈՎԻԴ-ի համավարակի ընթացքում կատարված հետազոտություններով։
«Երկու տարի է` խոսում ենք ՔՈՎԻԴ-ի համավարակից` մոռանալով, որ ունենք դիաբետի համավարակ, որը 21-րդ դարի ոչ վարակիչ համավարակներից է։ Հիվանդների թիվն ավելանում է օրեցօր։ Համարվում է, որ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մարդ չհետազոտված պոտենցիալ դիաբետ ունեցող անձ է։ Եվ եթե ընդհանուր սքրինինգ անենք, հավանաբար հիվանդների թիվը կբազմապատկվի»,- ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նշել է էնդոկրինոլոգը։
Հիվանդների թվի ավելացումը հատկապես 2020-ին որոշ մասնագետներ համարում են կորոնավիրուսի հետեւանք։ Մյուսները դա պայմանավորում են այդ ընթացքում կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունք։ Բայց գիտական մակարդակով այս թեզն առայժմ ո՛չ հաստատվել, ո՛չ հերքվել է։
Լուսինե Աղաբաբյանը նշել է, որ այս հարցով Հայաստանն աշխարհից հետ չի մնացել։ Միակ բուժամիջոցը, որը Հայաստանում գրեթե բացակայում է, աշխարհում լայն տարածում ստացած ինքնաներարկող սարքավորումն է. այն ամրացվում է հիվանդի թեւին, կառավարվում բջջային հավելվածի միջոցով, չափում հիվանդի արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում ներարկում կատարում։
Էնդոկրինոլոգը նշել է, որ շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ ինսուլինով ու այլ դեղորայքով ՀՀ բոլոր հիվանդները լիարժեք ապահովված են։