ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին հայտարարել է, որ Չինաստանը ներկայում Միացյալ Նահանգների համար ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն է, սակայն Վաշինգտոնը Պեկինին թույլ չի տա աշխարհում առաջին տեղը զբաղեցնել ռազմական ոլորտում։
Ամերիկացի գեներալը շեշտել է, որ ԱՄՆ-ը Չինաստանին թույլ չի տա պաշտպանության ոլորտում իրենից խլել առաջին տեղը: Նրա համոզմամբ՝ չինացիներին չի հաջողվի դա անել «ո՛չ 5 տարի, ո՛չ 10 տարի, ո՛չ էլ 15 տարի անց»:
«ԱՄՆ-ը ռազմական առումով ներկայում, անկասկած, հակառակ քննադատությունների ամենամահացու ռազմական մեքենան է Երկիր մոլորակում»,- հավելել է Միլլին: «ԱՄՆ բանակը «թիվ 1» բանակն է, եւ մտադիր ենք մնալ թիվ 1-ը»,- ընդգծել է գեներալը:
Միեւնույն ժամանակ Միլլին նշել է, որ Չինաստանն ակտիվորեն զարգանում է ռազմական ոլորտում, մասնավորապես տիեզերքում եւ կիբեռտարածությունում: Այդուհանդերձ, ըստ գեներալի, Չինաստանն ի վիճակի չի լինի ԱՄՆ բանակից ավելի լավ բանակ ստեղծելու: