Պեմզաշենի ողբերգությունը հայկական սոցիալական ցանցերում աշխուժացրեց մահապատժի եւ վենդետայի թեման՝ «հաստատելով Մարգարեի գրածը», որ մենք մեր մտակերտվածքով, այնուամենայնիվ, հիմնականում մահմեդական հասարակություն ենք:
Նախ խոսենք մահապատժից: Մերոնք հիմնականում մահապատժի կարեւորությունը բացատրում են նրանով, որ ոճիրներ կան, որոնք որեւէ ներման ենթակա չեն, եւ այն գործողին որեւէ շանս չպետք է տալ:
Մահապատիժը նաեւ հասարակության «խոստովանությունն» է, որ ինքն իր մեջ ոչ մի գործիք չունի պատժելու ոճրագործին այնպես, որ բավականություն ստանա: Մահապատիժը նաեւ հասարակության կատաղության պատվիրակումն է պետությանը. էդ ճիվաղին վերացրո՛ւ, թե չէ ես՝ հասարակությունս, կվերացնեմ:
Բոլորովին ուրիշ է դրվածքը վենդետայի պարագայում: Վենդետան նույն մահապատիժն է, բայց առանձին վերցրած միջավայրի համար, որը բավականություն է փնտրում իր հարազատի սպանության դիմաց: Վենդետան բնորոշ է «հասարակություններին», որոնք իրենց հավասար են համարում պետությանը եւ հարկ եղած դեպքում նաեւ՝ ավելին: Կարճ ասած՝ վենդետան ավելի հատուկ է քրեական եւ մաֆիոզ խմբավորումներին, որոնք իրենց օրենքներն ունեն եւ պետական ինստիտուտներ չեն ճանաչում:
Վենդետան իր էությամբ տարածվում է ոչ միայն հանցագործի, այլեւ նրա հարազատների կամ սիրած էակի վրա: Բայց դա հնացած փոխհատուցում է, այն վաղուց իմաստ չունի, քանի որ հանցագործը նախ եւ առաջ հանցագործ է, երբ կորցնելու ոչինչ չունի: Հետեւաբար նրա հարազատներին սպանելն անիմաստ է:
Թմրամոլներն առավել անկաշկանդ են, երբ ժառանգ չունեն կամ միլիոնատեր են: Պեմզաշենի ոճրագործները ե՛ւ ժառանգ ունեն, ե՛ւ միլիոնատեր չեն: Այսինքն՝ մահապարտներ են, որոնք բացարձակապես որեւէ հաշվարկ չեն արել ոճիրն իրականացնելիս:
Այս մարդկանց նույնիսկ իրենց նման հանցագործների ձեռքը գցելն իմաստ չունի: Ավելի լավ է հասարակությունը մտածի, թե ինչպես բացառել այսպիսիների ի սկզբանե գոյությունը, որովհետեւ հետո արդեն, երբ բանը բանից անցնի, ոչինչ չի օգնի:
Հայաստանում մահապատիժ չկա եւ դժվար թե լինի: Ու փառք Աստծո: Իսկ վենդետայի մասին պետք է մոռանալ, քանի որ նախ պիտի կարողանաս ինքդ իրավացի լինել ոճրագործի հարազատին որեւէ բանի համար մեղադրելիս ու սպանելիս: Իսկ դա բացառված է: Դու չես կարող իրավացի լինել նրա հանդեպ, ով չի էլ սխալվել: Հետեւաբար ի՞նչ պիտի ապացուցես հանցագործի հարազատին սպանելով: Ոչինչ, բացի նրանից, որ կդառնաս հանցագործի նման անհայտ ծագման կենդանի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: