Սա իմ հարյուրերորդ հոդվածն է «Ալիք Մեդիա» կայքում սյունակ վարելու երկու տարվա ընթացքում։
Նախորդ իննսունինը հոդվածները գրելիս ես հիմնական եմ համարել իշխանության ներկայացուցիչների տգետ եւ իմ կարծիքով վնասակար խոսքերից, քայլերից, գործողություններից հասարակությանը պաշտպանելն ու ընթերցողին դրանց հետեւանքների մասին զգուշացնելը։
Իսկ հիմնական թեմաները եղել են ներքին քաղաքական հարցերը, ինձ համար հարազատ՝ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունները, ԶԼՄ-ների դեմ իշխանական արշավները, կրթությանն առնչվող խնդիրները, տեղական ինքնակառավարումը եւ այլն։ Այսինքն՝ այն ոլորտները, որոնցից մի քիչ հասկանում եմ։
Դե, թիրախս էլ եղել են իշխանություն կրողներն ու նրա արբանյակները՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, որոնք նորմալ համակարգի պայմաններում կմնային գործազուրկ սուրճ խմողներ ու բոլորից բամբասողներ, իրենց մարզի ֆերմերներից մեկի մոտ լավագույն դեպքում խորհրդական, վատագույն դեպքում այգեպան կամ կթվորուհի կաշխատեին։ Բայց ինչո՞ւ վատագույն։ Մի՞թե կթվորուհին ու այգեպանը արհամարհված գործեր են։ Ո՛չ, իհարկե ո՛չ։ Դրանք շատ պետքական մասնագիտություններ են, օգտակար բոլորիս համար, եւ հենց այդ պատճառով էլ խելքը գլխին ֆերմերը նման գործ չէր վստահի ՔՊ-ականներից ոչ մեկին, քանզի սրանք վնասից բացի ուրիշ բան չէին կարող տալ։
Արդ, իմ այդ 99 հոդվածները «տուգանային հարվածներ» էին իշխանությանը։ Իսկ «գոլ» գրանցվել է, թե ոչ, դա էլ թող ընթերցողը որոշի։
Այս ամառ ես պարզեցի, որ իմ այդ «տուգանային հարվածները» հենց այնպես չեմ կատարում։ Պարզապես… Բռնվե՛ք՝ «Նիկոլը պաշտոն է խոստացել ու չի տվել, դրա համար էլ գրում ես»։ Արդեն մի քանի ամիս է՝ գլուխ եմ ջարդում՝ հասկանալու համար, թե Նիկոլն ինձ ինչ պաշտոն խոստացած կլիներ։ Հա, ի դեպ, նման անհեթեթությանը նույնիսկ արձագանքելու հարկ չկա։ Որովհետեւ, կարծում եմ, բոլոր այդպես մտածողները (պարզեցի, որ կան ու քիչ չեն) ելնում են սեփական վարքից եւ չեն կարող պատկերացնել, որ լրագրող-հրապարակախոսը պարզապես մատը դնում է ցավոտ կետերին՝ մտածելով, որ գուցե իշխանությունը խելքի գա վերջապես եւ շտկի ինքն իրեն։
Երկրորդ բացատրությունը՝ ես Քոչարյանական կամ Սերժական եմ, մի խոսքով նախկին իշխանությունների ջերմ պաշտպան եմ, որովհետեւ. «Բա խի՞ ընդդիմության հասցեին ոչ մի բան չես ասում»։
Միանգամից ասեմ, որ երկու դեպքում էլ ես ո՛չ նեղանում, ո՛չ վիրավորվում եմ այդպես մտածողներից։ Դա էլ իրենց իրավունքն է։ Որովհետեւ, ի տարբերություն զանազան մակարդակի պաշտոնյաների, ես գիտեմ մի բան, որը հասու չէ պաշտոնյաների կաղապարված ուղեղներին. երբ ես հոդված եմ գրում, այսինքն՝ կամավոր ինձ դնում եմ հանրության ուշադրության կենտրոնում, պիտի պատրաստ լինեմ ցանկացած արձագանքի՝ ամենագովասանականից մինչեւ ամենահայհոյականը։ Այնպես որ շարունակե՛ք մտածել ոնց ուզում եք, ես իմ սկզբունքից չեմ շեղվելու։
Իսկ այդ սկզբունքը հետեւյալն է. ես ընդդիմության հետ գործ չունեմ, կռիվ չունեմ։ Իմ թիրախը իշխանությունն է, նա է պատասխանատու, նրա քայլերն են, որ ամենաիրական ազդեցությունն են ունենում մեր կյանքի վրա։ Այսպես եմ վարվել նաեւ նախկինում, երբ «Մեսրոպագիր» խորագիրն էի վարում «Առավոտում», եւ թիրախումս այդ ժամանակվա իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը։
Հիմա էլ այդ թիրախը նոր իշխանություններն են։ Ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ Փաշինյանն աշխարհի բոլոր մեղքերը բարդում է նախկինների վրա, ջնջում մեր անկախության 30 տարվա ամեն ինչ, իսկ իրեն համարում աննախադեպ։
Չեմ կարող չարտահայտվել, երբ նրա նախարար Քերոբյանի լեզուն «աննախադեպ առաջընթաց» է գրանցում։
Չեմ կարող ծաղրական հոդված չգրել, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե հայկական ժողովրդավարության մասին աշխարհում են խոսում արդեն։
Չեմ կարող լռել ու մատնացույց չանել վարչական լծակների չարաշահումը, երբ Տիգրան Ավինյանը, դեռ Երեւանի ավագանու ընտրություններ չհայտարարած, ընտրարշավ է սկսել, իսկ լրատվամիջոցները, այդ թվում հանրայինները, լծված են այդ արշավը լուսաբանելուն։
Այս վերջին դեպքում ես չեմ կարող չհարցնել. «Կներեք, Երեւանը այլ փոխքաղաքապետ չունի՞, քաղաքապետարանում ուրիշ ոչ մեկը չի՞ աշխատում»։
Մի բան վստահաբար կարող եմ ասել. իմ 99 հոդվածներում դուք չեք գտնի որեւէ քննադատություն, եզրակացություն, գնահատական կամ սարկաստիկ ու երգիծական արձագանք, որը հիմնված չլինի ստույգ փաստերի, ապա եւ օրենքների կամ միջազգային իրավունքից մեջբերումների վրա։ Ահա թե ինչու իմ քննադատությունն անխոցելի է։
Փաստերի դեմ չեն կարող առարկել, որովհետեւ ոչ մի կեղծ, անգամ չստուգված փաստ չեն գտնի։ Իսկ եզրակացությունների դեմ պայքարելն էլ անհույս է, որովետեւ ստույգ փաստը գնահատելն իմ իրավունքն է։ Մանավանդ որ դրանցում ես 99-ից 97 դեպքում խուսափել եմ այնպիսի գնահատականներից, որոնք կարող էին իբրեւ վիրավորական ընկալվել։ Այն երկու դեպքն էլ ես գիտեմ՝ ինչու եւ որտեղ եմ ասել, բայց չեմ հուշի։
Հաջորդ շաբաթվանից կսկսվի հոդվածներիս երկրորդ հարյուրյակի հաշվարկը։
Շնորհակալություն «Ալիք Մեդիային»՝ ընթերցողների հետ զրուցելու այս հնարավորության համար։ Շնորհակալություն հավատարիմ ընթերցողներիս՝ կարդալու եւ արձագանքելու համար։
Հ. Գ. 2021 թվականի ամռանը Մեղրիում էի եւ ջահելությունս հիշելով մի քանի ակնարկ գրեցի։ Ո՜նց կուզեի վիճակն այնպիսին լիներ, որ ես միայն այդպիսի ակնարկներ գրեի՝ երկրի ու նրա հրաշալի մարդկանց մասին։ Թե չէ՝ Ալեն, Կոնջոլյան, Աղազարյան…
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։