Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանին կոչ է անում համագործակցելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին առնչվող հարցերի լուծման համար:
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի ընդունած բանաձեւում ՄԱԳԱՏԷ-ն կարեւորում է գործակալության հետ Իրանի լիարժեք եւ ժամանակին համագործակցության անհրաժեշտությունը՝ վաղուց չլուծված խնդիրները պարզաբանելու եւ կարգավորելու նպատակով: Այնտեղ նաեւ նշված է, որ այդ խնդիրները, ինչպես ենթադրվում է, պայմանավորված են նրանով, որ Իսլամական Հանրապետությունը չի պահում միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքները:
ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ Իրանը 2019-ի հուլիսից շարունակել է ուրան-235-ի հարստացումը մինչեւ 5 տոկոս, ուրանի հեքսաֆտորիդ-235-ը 2021-ի ապրիլից հարստացնում է մինչեւ 60 տոկոս։ Այդ գործողությունները չեն համապատասխանում ՄԱԳԱՏԷ-ին 2016-ի հունվարին ներկայացված ծրագրին։
Հունիսին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ասել էր, որ Իրանը մինչ օրս գործակալությանը չի բացատրել ուրանի ծագումը երեք չհայտարարված օբյեկտներում, եւ դրանց վերաբերյալ երաշխիքների հարցերը չլուծված են մնում: