Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Իսպանիայում նոյեմբերի 14–ին մեկնարկած աշխարհի երիտասարդների առաջնությունում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը մեկուկես րոպեում հաղթել է սլովենացի Կի Ռոմանին։
«Ավետիք Հովակիմյանը պարզապես շնչելու հնարավորություն չտվեց Կի Ռոմանին: Մեր մարզիկը հենց սկզբից նետվեց գրոհի ու հարվածների մի ամբողջ տարափ հասցրեց սլովենացուն: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, եւ մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղթանակ է գրանցվել նաեւ Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին:
Աշխարհի առաջնությանը, որը կավարտվի նոյեմբերի 26-ին, Հայաստանը ներկայացել է 11 մարզիկով` 51 կգ քաշային կարգում` Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում` Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում`Էրիկ Իսրայելյանը, 63 կգ քաշային կարգում` Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը, 75 կգ քաշային կարգում` Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանը, 86–ում` Աղվան Ալեքսանյանը, եւ գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը: