Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից կսկսի 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2023-ի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը պետք է մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին:
Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների եւ միջին մասնագիտական կրթության հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաեւ օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք պետք է դիմում-հայտին համապատասխանաբար կցեն զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: