Երեւանում բացվել է միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան: Genotek-ը Հայաստանում կիրականացնի բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաեւ կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում: Genotek բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերությունը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում գործում է արդեն 12 տարի։ Երեւանում լաբորատորիա բացելու գաղափարն առաջացել է մոտ մեկ տարի առաջ։
Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին շեշտել է, որ Երեւանում պարզապես լաբորատորիայի մասնաճյուղ չի բացվել, այլ ամբողջական կենտրոն, որտեղ կիրականացվեն ամենաբարդ գենետիկական հետազոտությունները, ժամանակակից համապատասխան սարքավորումներով հնարավոր կլինի բացահայտել մարդու ամբողջ գենոֆոնդը։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել հիվանդություններ, բացհայտել այս կամ այն հիվանդության հանդեպ գենետիկ հակվածությունը:
Ընկերության ուղղություններից մեկը բույսերի եւ կենդանիների գենային սելեկցիան է։ Իլյինսկին նշել է, որ նոր սորտերի, ցեղատեսակների ստացման դասական ցիկլը տեւում է մոտ 10-12 տարի: Եթե գենոմային սելեկցիայի համար օգտագործվեն նոր տեխնոլոգիաներ, ցիկլը կարող է կրճատվել մինչեւ 2-3 տարի: Բույսերի եւ կենդանիների գենոմային սելեկցիան կօգնի խուսափելու վտանգավոր քիմիական նյութերի, հորմոնների եւ ԳՄՕ-ների օգտագործման անհրաժեշտությունից:
Իլյինսկին ընդգծել է՝ ընկերությունը շահագրգռված է, որ գենետիկական հետազոտությունները հնարավորինս հասանելի լինեն նաեւ քաղաքացիներին։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշել է, որ լաբորատոր ծառայություններն օգտակար կլինեն Հայաստանի գյուղատնտեսության համար։ Ըստ նրա՝ բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում վաղ փուլերում գենային ներուժի հայտնաբերմանը։ Գենետիկական հետազոտությունները կարեւոր դեր են խաղում ձկնաբուծության եւ մեղվաբուծության մեջ: Հայաստանի դեպքում թույլ կտան պահպանել էնդեմիկ ձկնատեսակները։