Ըստ Իրանի մաքսային ծառայության՝ ընթացիկ տարվա 7 ամսում Իրանի առեւտրաշրջանառությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ եղել է 29,31 միլիոն տոննա կամ 23,37 միլիարդ դոլար։ Բեռնածավալի աճը տարեկան կտրվածքով 3,88 տոկոս է, գումարային արտահայտության աճի ծավալը՝ 29,22 տոկոս։
ՇՀԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական առեւտրային գործընկերը դեռեւս Չինաստանն է։ Թեհրան-Պեկին աեւտրաշրջանառության ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում 20,02 միլիոն տոննա կամ 17,46 միլիարդ դոլար է։
Երկրորդ տեղում Հնդկաստանն է։ Թեհրան-Նյու Դելի առեւտրաշրջանառության ծավալը 2022-ի մարտ-հոկտեմբերին (ըստ իրանական օրացույցի՝ տարվա յոթ ամիսները, քանի որ այդ երկրում տարեսկիզբը հաշվվում է եվրոպական օրացույցով մարտից) 3,89 միլիոն տոննա է կամ 2,79 միլիարդ դոլար։
Ռուսաստանը երրորդ տեղում է։ Թեհրան-Մոսկվա առեւտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում եղել է 2,3 միլիոն տոննա կամ 1,32 միլիարդ դոլար։
Իրանական արտահանումը ՇՀԿ անդամ երկրներ եղել է 23,6 միլիոն տոննա կամ 11,73 միլիարդ դոլար։ Աճը ծավալային առումով 0,81 տոկոս է, գումարային արտահայտությամբ՝ 16,19 տոկոս։ Իրանական արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը՝ 17,76 միլիոն տոննա կամ 9,18 միլիարդ դոլար, Հնդկաստանը՝ 2,72 միլիոն տոննա կամ 1,09 միլիարդ դոլար, եւ Պակիստանը՝ 1,69 միլիոն տոննա կամ 703,89 միլիոն դոլար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը