Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի կարեւորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը, քննարկվելու է Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցը։
Միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:
Խորհրդի նիստում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության եւ բժշկական ապահովման համատեղ կազմավորում ձեւավորելուն: Քննարկվելու է ՀԱՊԿ-ի 2023 թվականի բյուջեն։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր է ընդունվելու։