Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երեւանում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որի ընթացքում հայ ըմբիշներն ավելի քան երկու տասնյակ մեդալներ են նվաճել։
Տասը քաշային կարգում մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշներ:
«Ավանդական մրցաշարը պատանիների համար տարվա ընթացքում սպասված ու կարեւոր ստուգատես է: Մրցապայքարում հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հմուտ վարպետությամբ եւ նվաճեցին 8 ոսկե, 6 արծաթե եւ 10 բրոնզե մեդալներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղթողները պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքական թիմը: