Wealth-X հետազոտական ընկերությունը հրապարակել է 30 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող մարդկանց մասին հերթական զեկույցը: Ըստ ուսումնասիրության՝ նրանց թիվը ներկա պահին 392 հազար 410 է, ինչը 6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 11%-ով էլ կրճատվել է նրանց կարողության չափը՝ կազմելով 41.8 տրիլիոն դոլար:
Միլիոնատերերի թվով աշխարհի երկրների առաջատար տասնյակի 9 երկրում մեծահարուստների թիվը նվազել է: Միակ բացառությունը Չինաստանն է. առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն այնտեղ աճել է 2,3%-ով: Միլիոնատերերի թվի նվազում է նկատվել նաեւ աշխարհի խոշորագույն քաղաքներում: Միակ բացառությունը Լոնդոնն է, որտեղ նրանց թիվը, հակառակ միտումներին, ավելացել է:
Այս տարվա առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն աճել է Մերձավոր Արեւելքում՝ 7,4 եւ Լատինական Ամերիկայում՝ 5,1%-ով։ Այս երկրներում միլիոնատերերի մեծ մասը կապված է օգտակար հանածոների, դրանց թվում՝ նավթի եւ գազի արդյունահանման եւ վաճառքի հետ։
Ամենազգալի անկումը գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ կենտրոնացած է 30 միլիոնից ավելի կարողություն ունեցողների 34,3%-ը: Առաջին կիսամյակում նրանց թիվը նվազել է 9,7%-ով: Եվրոպայում ապրում է աշխարհի միլիոնատերերի 25,6%-ը. այստեղ կրճատումը կազմել է 6,9%: Ասիայում, որտեղ մեծահարուստների 29.6%-ն է, նրանց թիվը նվազել է 3.9%-ով: