Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բանգկոկում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն եւ ԱՄՆ-ը կամրապնդեն փոխըմբռնումը եւ համատեղ ջանքերով կնպաստեն երկկողմ հարաբերությունները առողջ եւ կայուն հուն վերադարձնելուն:
«Հուսով եմ՝ տիկին փոխնախագահը կառուցողական դեր կխաղա այս հարցում»,- ասել է Սին:
Չինաստանի ղեկավարը նաեւ «կառուցողական» է որակել Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը: «Այն ռազմավարական եւ կառուցողական բնույթ ուներ եւ կարեւոր նշանակություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլի համար»,- նշել է Սի Ծինփինը:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի նախագահները Բալիում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի եւ Թայվանի շուրջը ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ պայմանավորվել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի մասին:
ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը կապի խողովակները պետք է բաց պահեն՝ երկու երկրների միջեւ մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու նպատակով։