Ըստ Ռուսաստանում գործող «Հանրային կարծիքի հիմնադրամի» ուսումնասիրությունների՝ ՌԴ հասարակության հիմնական մասը տեղյակ չէ, թե իշխանությունները պետական բյուջեն կազմելիս ինչ հատկացումներ են կատարում, եւ ինչ նրբություններ կան իշխանությունների վարած բյուջետային քաղաքականության մեջ։
Հարցվածների 87 տոկոսն ասել է, թե առհասարակ տեղեկացված չէ, որ ՌԴ Պետական դուման վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է հաջորդ երեք տարիների պետական դաշնային բյուջեի նախագիծը։ Դրանից տեղյակ է եղել միայն հարցվածների 11 տոկոսը, իսկ մյուսները դժվարացել են պատասխանել։
Ըստ կատարված ուսումնասիրության՝ այդուհանդերձ, ռուսաստանյան հանրության մեջ կան որոշակի արմատացած պատկերացումներ, թե հիմնականում որ ոլորտներին է պետությունն առաջնահերթություն տալիս բյուջետային հատկացումները կատարելիս։ Ըստ այդմ՝ հարցվածների 46 տոկոսի կարծիքով պետության ծախսերը գերազանցում են եկամուտները, ինչը պայմանավորված է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությամբ», ինչպես նաեւ պատժամիջոցների՝ ռուսական տնտեսության վրա ունեցած ճնշմամբ եւ Արեւմուտքին աշխարհաքաղաքական դիմակայությամբ։
Հարցվածների 38 տոկոսը կարծում է, որ պետական միջոցները սխալ են ծախսվում։ Անցյալ տարի այսպես է պատասխանել 48 տոկոսը։ 31 տոկոսը կարծում է, որ պետության միջոցները ծախսվում են ճիշտ։ Ընդ որում՝ մեկ տարում այս տեսակետի կողմնակիցների թիվն ավելացել է 9 տոկոսով։
Հարցվածների 51 տոկոսը կարծում է, որ հարկավոր է ավելացնել առողջապահության համար կատարվող հատկացումները, 37 տոկոսի կարծիքով պետք է ավելացնել կրթության ոլորտի հատկացումները։ Հարցվածների ուղիղ ¼-ի կարծիքով էլ պետք է ավելացնել սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերը։ Պաշտպանական ծախսերի ավելացմանը կողմ է հարցվածների 14 տոկոսը։ Ուշագրավ է, որ պաշտպանական ծախսերի ավելացմանը նախորդ տարի կողմնակից էր հարցվածների 3 տոկոսը միայն։
Մեծ մասը կարծում է, որ պետական համակարգի եւ համապետական նշանակություն ունեցող հարցերի վրա ծախսերը օպտիմալ չեն։ Ընդ որում՝ հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ նշյալ ծախսերը պետք է կրճատվեն, 10 տոկոսը համարում է, որ պետք է կրճատվեն մշակույթին, կինոյին եւ մամուլին տրամադրվող միջոցները, 9 տոկոսը՝ անվտանգության եւ ներքին գործերի մարմիններին տրամադրվող միջոցները։
Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Ռուսաստանում հասարակությունը հետաքրքրված է, որ պետական միջոցները օպտիմալ ծախսվեն, եւ վատնումներ չլինեն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը