Լոռիում այգեքաղի վերջին օրերն են։ Շնող գյուղի Դուզ եւ Ճալա կոչվող տարածքներում արքայանարնջով բեռնված քիչ ծառեր են մնացել։ Եվս մեկ-երկու օր, ու բերքահավաքն ավարտված կհամարեն։
Ճալան գյուղից դուրս ցածրադիր գոտի է Դեբեդի ափին, որտեղ վերջին տասնամյակում տեղացիներն արքայանարնջի այգիներ են տնկել։ Ամենամեծը շնողցի Արա Բաբայանինն է՝ երեք հեկտար։ Անունն արքայանարնջի այգի է, բայց աճեցնում են ամեն ինչ՝ դեղձ, թուզ, զկեռ, հոն, ընկույզ, պնդուկ, նուշ, զեյթուն, ֆեյխոա, բարբարիս, մուշմուլա, մարակույա․․․ անվերջ թվարկում, ապա հայտնի եւ անհայտ պտուղների ծառերն ու թփերն են ցույց տալիս այգետերերը։
Թութը, սալորը, կեռասն ու խաղողն էլ, ասում են, Շնողի դուզ հանդամասի՝ իրենց երկու հեկտար այգում են աճեցնում։ Թվարկած բարիքները ե՛ւ վաճառում, ե՛ւ վերամշակում են՝ օղի թորում, գինի ստանում, չիր պատրաստում։
Արքայանարնջի բերքահավաքով էլ ավարտում են գյուղատնտեսական տարին։ Վաճառքի ենթակա բերքը տեղում՝ հենց այգում տեսակավորելուց հետո հանձնում են գնորդին։
«Իրացման խնդիր երբեք չենք ունեցել։ Միայն էս տարի դեղձը դժվար վաճառեցինք։ Բեռները որ մնացին Ռուսաստանի ճանապարհին, մարդիկ շատ տուժեցին, գուցե գումար չունեին, գուցե վախեցան։ Երկու անգամ բերքը ամուսինս ինքն է տարել Վանաձոր եւ Դիլիջան՝ վաճառքի, էդ պատճառով տարին վատ ենք համարում, թե չէ մեր այգուց դուրս չենք եկել ոչ մի անգամ։ Գնորդներն իրենք են գալիս»,- պատմում է Արա Բաբայանի կինը՝ Մոնիկան։
Արքայանարինջն էլ մինչեւ վերջ կսպառեն, բայց անցած տարվա 330 դրամից ցածր գնով։ Այգետերերը գնանկումը նաեւ ռուս-ուկրաինական պատերազմով են պայմանավորում․ բավարար արտահանում չկա։ Այլընտրանք էլ չունեն. այգին չեն կարող թողնել ու գնալ, մայրաքաղաքում, օրինակ, 500-600 դրամով արքայանարինջ վաճառել։
Տարվա մեջ ինը ամիս Բաբայանների ընտանիքն այգիներում է անցկացնում։ Առավոտից մինչեւ երեկո անելիք ունեն․ ամեն ծառ ու թուփ առանձին մոտեցում ու խնամք է պահանջում։ Բացի այդ՝ տարբեր փորձարկումներ, օրինակ՝ պատվաստումներ են անում, նոր պտուղներ ստանում ու հիանում արդյունքով։
«Ամենամեծ ուսուցիչը կյանքում փորձն է։ Հաճախ մեծ սխալներ անելով՝ սովորում ես, թե ինչը ինչպես կամ ինչից հետո պետք է անել, բնությունն անընդհատ սովորեցնում է։ Ճիշտ է, սա իմ ոլորտը չէ, մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց բնության մեծ սիրահար եմ, անընդհատ կարդում եմ, սովորում։ Ու եթե մի գործի լծվում եմ, պետք է պատվախնդրորեն դա անեմ։ Բնությունն էլ արձագանքում է, պատասխան տալիս»,- ոգեւորությամբ պատմում է Մոնիկա Նորեկյանն ու նշում՝ այնպես չէ, որ իրենք խնդիրներ չեն ունենում կամ վնասներ չեն կրում, պարզապես կարգապահ են այգում կատարվող ամեն գործում։
Ոռոգման ջրի հիմնական աղբյուրը Դեբեդն է։ Նախկինում՝ 4-5 տարի առաջ, այս տարածքի այգետերերը մեծ վնասներ են կրել․ Թեղուտի եւ Ախթալայի կոմբինատների արտադրական պոչերով աղտոտված գետի ջրով են այգիները ջրել, եւ ծառերի կեսը չորացել են։
Հիմա, ըստ այգեգործ Արա Բաբայանի, աղտոտվածությունը նվազել է։ «Թեղուտ» ընկերությունում արտադրությունը դադարեցված է, Ախթալայի կոմբինատից էլ հազվադեպ՝ միայն վթարների դեպքում են պոչերը գետ լցվում։
Բայց այս տարի էլ նշենիներն են չորացել։ Այգետերերը դեռ չեն պարզել պատճառը։
Արա Բաբայանը մտադիր է կաթիլային ոռոգման համակարգը ռետինե խողովակներով փոխարինել․ ասում է՝ կաթիլայինը չի արդարացրել։ Հաջորդ քայլը սառնարանային տնտեսություն ստեղծելն է, որ կորուստներ չունենան։ Թուզն, օրինակ, շուտ փչանում է, եթե չեն կարողանում սպառումը կազմակերպել։
Բաբայանները բոլոր ներդրումները վարկային միջոցներով են անում։ Ասում են՝ դժգոհ չեն, բայց կան խնդիրներ, որոնք պետությունը պետք է հստակ կարգավորի։
«Էն ամենը, ինչ որ աճում է Հայաստանում, ներկրելու դեպքում մաքսազերծման արժեքը թող բարձրացնեն։ Մատչելի լինի էն մրգերի, պտուղների ներկրումը, ինչը մեզ մոտ հնարավոր չէ ստանալ։ Բացի այդ՝ ապահովագրությունն էլ շատ կարեւոր է. խնձորն ապահովագրում են, արքայանարինջը՝ ոչ։ Բայց մեր կողմերում (հեղ․՝ Շնողում) խնձոր մշակող չկա, Բագրատաշենից մինչեւ էստեղ հարյուրավոր հեկտարներով արքայանարինջ է»,- ասում է Արա Բաբայանը, ապա կարեւորում պետական աջակցությամբ տարբեր արտադրությունների հիմնումը։
Ընդհանրապես այգեգործությամբ զբաղվողների համոզմամբ պետությունն առաջնահերթ պետք է աջակցի շուկայի կարգավորման գործում՝ գին սահմանելուց մինչեւ սպառում։ Մինչդեռ այգետերերն իրենք են գնորդների փնտրում, գտնելուց հետո էլ հիմնականում համաձայնում առաջարկվող պայմաններին, միայն թե բերքը չփչանա։
Օձունում անփուշ մոշի մշակությամբ զբաղվող Արման Մատինյանն իր 4000 քմ այգուց այս տարի մոտ երկու տոննա բերք է ստացել։ Սպառումն իրականացրել է 2-3 վերավաճառողների միջոցով։ Մի օրվա բերքը մեկին է տվել, հաջորդ օրվանը՝ մյուսին, որպեսզի գնորդներին չկորցնի, եկող տարվա համար էլ սպառման երաշխիք ունենա։
«Եթե իմանաս, որ բերքդ շուկայում վերավաճառողի գնով կամ 50-100 դրամ էժան, բայց ոչ ինքնարժեքով կտաս, էնքան կարտադրենք, չպատկերացնելու։ Հողը ունես, ժամանակն ու ֆիզիկական հնարավորությունն էլ թույլ են տալիս, բայց մտածում ես՝ ամառը գա, ու բերքը մնա, լցնես գինի կամ օղի քաշե՞ս»,- ասում է Արմանը։
Չվերահսկվող շուկայի, մասնավորապես գնանկման պատճառով է մի քանի տարի առաջ հրաժարվել սեւ հաղարջի մշակությունից․ հատապտղի մեկ կիլոգրամի 1200 դրամ գինը կիսով չափ կրճատվել է։
Նույն պատճառով ազնվամորու իր այգուց է «խռովել» Ռուսլան Կիրակոսյանը եւ արդեն երկու տարի գրեթե ոչինչ չի անում։ Մինչդեռ ահռելի մեծ ջանքեր ու գումար է ներդրել, Սեդվու ձորում 3 հեկտար քարքարոտ տարածքը հողամաս դարձրել, ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարել, գրեթե անջուր պայմաններում անձրեւների հաշվին այգի մշակել ու բերք ստացել, սեզոնային աշխատանքով ապահովել մոտ երեսուն մարդու։
«2019 թվականին հարյուր օր անձրեւ չեկավ, բայց չտուժեցինք էնքան, ինչքան որ գինը կիսվելիս։ Դա ամենամեծ հարվածն էր։ 1250 դրամը դարձավ 600-700, էն էլ պետք ա գնորդ ճարես, տանես Երեւան։ Էսօր պայմանագիր չի կնքում գործարանը, որ ինչ գին էլ թելադրի, ապրանքդ փչանալու վախից համաձայնես»,- պատմում է Կիրակոսյանը եւ այդ ամենը պայմանավորում «թավիշով»․ ստվերը ջրի երես հանվեց, գործարաններն էլ չկարողացան ե՛ւ հարկեր վճարել, ե՛ւ նորմալ գին տալ մշակողին, իսկ Կառավարությունը չկարողացավ կարգավորել շուկան։
Անտոկոս կամ ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկերը, կաթիլային ոռոգման համակարգի անցնելու դեպքում հինգ տարի ժամկետով ջրի վարձավճարի փոխհատուցումն ու գյուղոլորտին աջակցող պետության այլ ծրագրերը, փաստորեն, անիմաստ են դառնում, եթե չկա շուկայի վերահսկողություն։
«Արտադրողը սկզբից պետք է իմանա, թե հուլիսին, օրինակ, բերքը ինչքանով է ծախելու։ Պետությունը պետք ա ասի՝ դու խնդիր չունես, ես քեզնից էսքանով առնում եմ, էժան կամ թանկ, կապ չունի, որ արտադրողը հենց սկզբից իմանա իր անելիքը։ Թե չէ՝ կաթիլային, վարկեր․․․ Ես կարող էի իմ փողով քաշել էդ համակարգը, բայց եթե բնության մեջ ջուր չկա, էդ ոռոգման ավազանները ո՞նց լցնեմ, որտեղի՞ց։ Մասնագետներ պետք ա աշխատեն, ո՞ւր ա նախարարության էդ բաժինը, որ գան, տեղում տեսնեն քո դարդն ու ցավը։ Բանն էն չի, որ փողը տաս ու ասես՝ գնա՛, ինչ ուզում ես, արա՛։ Անտոկոս վարկն էլ հետ տալ է պետք, չէ՞։ Բայց պետությունը հաշվարկներ չի անում»,- սրտնեղում է Ռուսլան Կիրակոսյանը եւ պնդում՝ բնության հասցրած ոչ մի վնաս չես կարող համեմատել գնորդ չունենալու խնդրի հետ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։