ՄԱԿ-ին առընթեր Կլիմայի փոփոխությունների մասին շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների՝ Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած 27-րդ կոնֆերանսի մասնակիցները (COP27) որոշում են ընդունել ստեղծել հատուկ հիմնադրամ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքով պատճառված վնասների համար հիմնադրամն աղքատ երկրներին փոխհատուցում կտրամադրի։
ՄԱԿ-ի համար ցուցումներ մշակելու նպատակով կձեւավորվի անցումային հանձնաժողով։ Ցուցումները կքննարկվեն 2023-ին Դուբայում անցկացվելիք Կլիմայի փոփոխությունների հարցերով 28-րդ կոնֆերանսում։
Հանձնաժողովը բաղկացած կլինի 23 անդամից, որից 10-ը՝ արդյունաբերապես զարգացած, 13-ը՝ զարգացող երկրները։ Հիմնադրամի շահառուները պետք է լինեն կլիմայի փոփոխությունների հետեւանքների նկատմամբ առավել խոցելի զարգացող երկրները։
Մասնագետները հաշվարկելու են արտառոց եղանակային պայմանների՝ երաշտի, ջրհեղեղների, ինչպես նաեւ կլիմայի աստիճանական փոփոխությունների, ծովի մակարդակի բարձրացման, մշակութային ժառանգության կորստի հետեւանքով պատճառված վնասները եւ ձգտելու փոխհատուցում տրամադրել։ Առավել խոցելի երկրների համար վերջին քսան տարում կլիմայական փոփոխությունների պատճառած վնասը կազմում է 525 միլիարդ դոլար, իսկ 2050-ին այդ թիվը տարեկան կտրվածքով կհասնի 1,0-1,8 տրիիոն դոլարի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը