Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 8311 խաղաղ բնակիչ, ներառյալ 437 երեխա։ Վիրավորվել է 11 հազար քաղաքացիական անձ։ Նշված թվերը վերջնական չեն. ըստ այն հանգամանքի, որ ռուսական հսկողության տակ անցած տարածքներում ուկրաինական կողմը տվյալների հասանելիություն չունի, հնարավոր է՝ այս վիճակագրությունը զգալիորեն աճի։
Կոստինը նաեւ ասել է, որ վերջին երկու ամիսներին Դոնեցկի, Խարկովի եւ Խերսոնի մարզերի ռուսական հսկողությունից ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 700 սպանվածի մարմին, որոնց 90 տոկոսը եղել են քաղաքացիական անձինք։ Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արձանագրել է ավելի քան 45 հազար ռազմական հանցագործություն, որոնցից 19 հազարը՝ ընդդեմ ազգային անվտանգության մարմինների։
Ռուսական զինուժի 216 ներկայացուցիչներ, որոնցից 17-ը ռազմագերիներ են, կասկածվում են ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։ Մնացյալը ենթադրյալ ռազմական հանցագործությունների քննության գործընթացում ներգրավվել են հեռակա կերպով։ Մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 60 զինվորական, որոնցից 12-ի նկատմամբ մեղադրական վճիռ է ընդունվել։ Հիմնական մեղադրանքներն են՝ բնակավայրերի վրա հարձակում, քաղաքացիական անձանց հանդեպ դաժան վերաբերմունք, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն, սեռական բնույթի բռնություն եւ այլն:
Պատրաստեց Արման Գրիգորյանը