Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով երկրի գործող նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը 6 միլիոն 456 հազար 392 ձայնով կամ ձայների 81,31%-ով հաղթանակ է տանում:
Ղազախստանի ԿԸՀ-ի տվյալներով «Աուիլ» ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցությունից հավակնորդ Ժիգուլի Դայրաբաեւի օգտին քվեարկել է ընտրողների 3,42%-ը, Սոցիալական աշխատողների դաշինքից առաջադրված Կարակատ Աբդենը հավաքել է ընտրողների ձայների 2,6%-ը:
Ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Նուռլան Աուեսբաեւը հավաքել է 2,22% ձայն: «Ամանատ» Ղազախստանի արհմիությունների համագործակցություն» հանրապետական միավորումից թեկնածու Մեյրամ Կաժիկենի օգտին քվեարկել է ընտրողների 2,53%-ը:
Ընտրելու իրավունք ունեցող 11 միլիոն 953 հազար քաղաքացիներից Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցել է 69,44%-ը: Ղազախստանի նախագահի ընտրություններում «բոլորին դեմ» է քվեարկել ընտրողների 5,8%-ը: