ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը, դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածներին, հայտարարել է, որ ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։
«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, դրանց թվում՝ հիվանդանոց: Ահա եւս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փալոնը։
Նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունն անվանել է «Ճանկ-թուր»։
Ըստ The New York Times պարբերականի՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը ոչնչացրել է 89 թիրախ, ներառյալ «ահաբեկիչների ապաստարաններ, բունկերներ, քարանձավներ, թունելներ եւ պահեստներ»։ Նախնական տվյալներով՝ թուրքական ավիահարվածների հետեւանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել։