Ըստ թուրքական Hürriyet-ի հաղորդագրության՝ Գազիանթեփի Քարքամըշ գավառի ուղղությամբ արձակվել է 5 հրթիռ, ինչի հետեւանքով կան 3 զոհ, 6 վիրավոր։ Պարբերականի պնդմամբ՝ հրթիռներն արձակվել են Սիրիայի Քոբանի շրջանից, որը Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմավորում որակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) վերահսկողության տակ է։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ նշանառության տակ են առնվել գավառի բնակելի թաղամասերը, իսկ դեպքի հետեւանքով զոհված երեք անձանցից մեկը եղել է երեխա։
Միեւնույն ժամանակ Կատարից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են «ահաբեկիչների չեզոքացման» աշխատանքները Սիրիայի հյուսիսում, ու վերջին օրերի ընթացքում թիրախավորվել ու «չեզոքացվել» է ավելի քան 12 թաքստոց։ Նա հավելել է, որ Թուրքիան այս գործողությունները շարունակելու է, եւ անհրաժեշտության դեպքում բացի օդուժից գործողություններում ներառվելու են նաեւ Թուրքիայի ցամաքային ուժերը։