Ըստ The Washington Post պարբերականի՝ մի քանի շաբաթ շարունակ ուկրաինական քաղաքները իրանական արտադրության ԱԹՍ-ներով հարվածելուց հետո Մոսկվան եւ Թեհրանը համաձայնության են հասել ՌԴ տարածքում այդ ԱԹՍ-ների արտադրության հարցում։ Գործարքը կնքվել է նոյեմբերի սկզբին՝ Իրանում իրանցի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։
Մոսկվային հաջողվել է շատ արագ առաջ ընթանալ դրոնների արտադրությանը վերաբերող տեխնոլոգիական մշակումներն ու հիմնական բաղադրիչները իրանական կողմից ստանալու հարցում, եւ արդեն մի քանի ամսվա ընթացքում կարող է տեղում սկսել ԱԹՍ-ների արտադրությունը։
Համաձայնագիրն ամբողջապես կյանքի կոչվելու դեպքում կհանգեցնի ռուս-իրանական հարաբերությունների հետագա խորացմանը։ Ըստ ամերիկյան պարբերականի՝ Ռուսաստանը եթե կարողանա տեղում դրոնների (ԱԹՍ) արտադրությունը կազմակերպել, ձեռք կբերի հարաբերականորեն էժան, սակայն չափազանց ավերիչ սպառազինություն, որը կօգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում։
Պարբերականը գրում է նաեւ, որ այս տարվա օգոստոսից Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի կիրառել է իրանական արտադրության ավելի քան 400 հարվածային անօդաչու սարք, որոնց զգալի մասն օգտագործվել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար։ ԱԹՍ-ների ռուս-իրանական գործարքը կբավարարի ռուսական կողմի՝ բարձր ճշգրտության զինատեսակների առումով ունեցած կարիքը եւ միաժամանակ նաեւ բավականին զգալի տնտեսական եւ ռազմական օգուտներ կբերի իրանական կողմին։
Այս ամենն աննկատ չի մնացել ամերիկյան կողմի համար եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք իրանական կազմակերպությունների համար, որոնք առնչվում են ռուսական կողմին ԱԹՍ-ների մատակարարման գործընթացին։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Աբաս Ջումայի եւ Տիգրան Սրապիոնովի նկատմամբ, որոնց միջոցով, ըստ ամերիկյան կողմի ունեցած տեղեկության, իրանական դրոնները կարողացել են ձեռք բերել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ստորաբաժանումները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը