ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ռուս-ուկրաինական հակամարտության կողմ չդառնալու համար շատ զգույշ են, ուստի չեն փորձում ոչ թռիչքային գոտի ստեղծել, փոխարենը հակաօդային պաշտպանության համակարգեր են տրամադրում Կիեւին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ բացառել է Ռուսաստանի հետ իմաստալից երկխոսության հնարավորությունը ներկա պայմաններում։ ՆԱՏՕ-ի երկրները վճռական են օգնելու Ուկրաինային իր օդային տարածքը պաշտպանելու հարցում:
Ստոլտենբերգը հայտարարել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց միագումար ռազմական ծախսերը 2014 թվականի համեմատ ավելացրել են 350 միլիարդ դոլարով: Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը:
«Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի տրամադրումը պետք է դիտվի որպես նվազագույնը, այլ ոչ թե առավելակետը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ 2021-ին Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի 30 անդամ պետությունների միագումար ռազմական բյուջեն կազմել է 1,05 տրիլիոն դոլար: