Եթե որեւէ մեկին թվում է, թե Եվրամիության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ բանակցություններում Իլհամ Ալիեւը մեծ սիրով եւ հոժարակամ է խոսել «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսության պատրաստակամության մասին», ապա ինձ թույլ եմ տալիս ասել, որ նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։
Փակագծեր բացելու, հավելյալ մեկնաբանություններ անելու կարիք չկա․ Բաքվում «մանրադիտակով» հետեւում են հայկական մամուլի եւ սոցիալական մեդիայի հրապարակումներին, իրավիճակն այնքան փխրուն եւ զգայուն է, որ մի «բացահայտումը» կարող է ադրբեջանական հանրությանը փոթորկել, կամ հենց ինքը՝ Իլհամ Ալիեւը նախաձեռնի «համաժողովրդական բողոք»՝ վիժեցնելու առանց այդ էլ փլուզման սահմանագծի վրա «բալանասավորվող համաձայնությունները»։
Այս իմաստով «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսության պատրաստակամության» մասին Իլհամ Ալիեւի «հավաստիացմանը» Ստեփանակերտի արձագանքը պրոֆեսիոնալ չէ։
Առաջին օրինակը, ցավոք, տվեց պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ Ալիեւի հայտարարությունից տառացիորեն մեկ-երկու ժամ անց ֆեյսբուքյան գրառումով ինքն իրեն «նշանակեց» բանակցողի ալիեւյան չափանիշներին «համապատասխանող»։ Ապա «Ազատություն» ռադիոկայանին ծավալուն հարցազրույց տվեց արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Դրան հետեւեց ԱԳՆ պաշտոնական hայտարարությունը, որը մի ոճի մեջ էր, ասես քառասունչորսօրյա պատերազմ չի եղել, մենք դեռ վերահսկում ենք ոչ միայն բուն Լեռնային Ղարաբաղը, այլեւ հարակից յոթ շրջանները, եւ Ադրբեջանը «խնդրողաբար» առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ քննարկել միջպետական հարաբերությունների ինստիտուցիոնալ կառուցվածքը։
Փաստացի ծանրագույն իրավիճակը, մինչդեռ, պահանջում է գնահատել առնվազն մի խնդիր․ ի՞նչ ազդեցություն է թողնում այդ «ոչը» Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առանց այդ էլ շատ բարդ եւ վտանգաշատ ընթացքի վրա։
Որոշարկվելու համար Ստեփանակերտի պատասխանը գոնե մեկ շաբաթով պետք է հետաձգվեր, նախաձեռնվեր նախ փորձագիտական քննարկումների շարք, ապա՝ քաղաքական, ներգրավվեին ոչ միայն ԱԺ-ում ներկայացված, այլեւ արտախորհրդարանական կուսակցությունները, կազմակերպեին խորհրդարանական լսումներ, ի վերջո հրավիրվեր Անվտանգության խորհրդի նիստ, եւ ձեւակերպվեր պրագմատիկ եւ հավասարակշռված պաշտոնական դիրքորոշում։
Չպետք է մարգարե լինել հասկանալու համար, որ եթե Ռուսաստանը նախագահի մակարդակով «խաղաքարտերը բացել է», ուրեմն ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու մասին Մոսկվայի առաջարկությունը, մեղմ ասած, աշխատանքային-օրակարգային չէ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը փաստացի չի գործում, որեւէ հիմք չկա հուսալու, թե ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այդ հարցում կարող են համաձայնության հասնել։ Ադրբեջանը գոնե ֆորմալ առումով համաձայնել է ԱՊՀ կազմավորման պահի իրողությունների ճանաչմանը։ Եվ եթե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գոնե «շրջանակային համաձայնագիր» ստորագրվի այդ հիմքով, ապա իրավական առումով Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը վերահաստատվում է։
Ծանր, բարդ եւ դժվարին գործընթաց է՝ հասնել Բաքու-Ստեփանակերտ մակարդակում նման ամրագրման, բայց ո՞վ է ասել, թե ինչ-որ մեկը «կապույտ երիզներով սկուտեղի վրա» պիտի Արցախին քաղաքական կարգավիճակ պարգեւի կամ շնորհի կամ Ադրբեջանին պարտադրի, որ բանակցի «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքով։
Նույնիսկ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը, որ Կոսովոյի անկախության «կնքահայրը» եւ Պրիշտինայի հովանավորներն են, չեն կարողանում Սերբիային համոզել, որ ճանաչի դե ֆակտո իրավիճակը, ՄԱԿ-ում Կոսովոյի անդամության ճանապարհ հարթի։ Որեւէ տեսակետ հնչեցնելուց առաջ Ստեփանակերտը պարտավոր է հաշվի առնել մի նրբություն․ պաշտոնական Երեւանի հետ տարաձայնությունները «ներքին սպառման ապրանք» են։ Բաքուն մշտապես խաղում է այն «լարերի վրա», որ «ամեն ինչ հրահանգավորում է Հայաստանը»։ Եվ հակառակը շատ դժվար է ապացուցել։
Իսկ «երկխոսության» մերժումը ադրբեջանական դիվանագիտությունը, չպետք է կասկած ունենալ, բոլոր խողովակներով ներկայացնելու է որպես «խաղաղության պայմանագիրը վիժեցնելու՝ Երեւանի կողմից ծրագրված քաղաքականություն»։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը։ Միանշանակորեն՝ Ադրբեջանին։
Բաքուն քարոզչական խողովակներով արդեն ազդարարել է, որ Ստեփանակերտում կարող են «զանգվածային ակցիաներ կազմակերպվել, անկարգություններ հրահրվել»։ Հաշվարկը մեր դիլետանտության եւ զգացմունքայնության վրա է։ Ալիեւը «թռչնակը բաց է թողել», եւ արձագանքները, ինչպես հասկացվում է, նրան լիուլի բավարարում են։ Հնարավո՞ր է իրավիճակ շտկել։ Հնարավոր է։ Բայց դրա համար հարկ է չլինել դիլետանտ։ Կարո՞ղ ենք․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։