«Արեւիկ» հրատարակչությունը 2022-ի ամռանը հայտարարել էր գրական մրցույթ՝ հատուկ գրքերի օգնությամբ մեղմելու երեխաների վշտի ու կորստի ցավոտ զգացողությունները, օգնելու նրանց տրավմատիկ փորձառությունների հաղթահարման դժվարին իրավիճակում։
Գրական մրցույթի առաջին փուլում հաղթող է ճանաչվել Շողեր Պետրոսյանը՝ «Ամպիկը, որ չէր կարողանում անձրեւել» պատմվածքով:
Այժմ «Արեւիկը» հայտարարել է մրցույթի երկրորդ՝ նկարազարդողների փուլի մասին: Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։ Բացառիկ նախագծում ներգրավվել եւ նկարազարդումներով հաղթող պատմվածքն ամբողջացնել ցանկացողները մանրամասներին ծանոթանալու համար կարող են հետեւել հղմանը: Դիմելու վերջնաժամկետն է 2022-ի դեկտեմբերի 10-ը:
Նախագիծը նպատակ ունի ստեղծելու գրքեր 3-6 տարեկան եւ 6-10 տարեկան երեխաների համար: Գրքերի նպատակն է հուզական միջավայր ստեղծելը՝ թույլ տալով երեխային արտահայտել եւ ճանաչել իր զգացմունքները, ստուգել դրանք:
Նախագիծը ծնունդ է առել 44-օրյա պատերազմի թողած անխուսափելի վիշտն ու ցավը մեղմելու մղումով։ Գրքերը երեխաներին կօգնեն ճանաչելու եւ գնահատելու իրենց զգացմունքները: Ապաքինման գործընթացում հնարավորություն կստեղծվի օգնելու երեխային, որ մտածի եւ խոսի իր զգացմունքների մասին՝ հատկապես մեծահասակների հետ, ինչը որոշակի զգացողությունների ճանաչման եւ արտահայտման մշակույթ կձեւավորի:
Թիմն աշխատել է հոգեբանների ու մանկավարժների հետ` կորստի ցավի հաղթահարումը հնարավորինս դյուրին դարձնելու համար: