Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը հայտնել է, որ Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթել է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին անցկացված ընտրություններում՝ հավաքելով ընտրողների քվեների 81,31%-ը: Աբդիրովը նշել է, որ այս տվյալները տրամադրել են մարզերի եւ Ալմաթի, Աստանա եւ Շիմքենդ քաղաքների տարածքային հանձնաժողովները:
Մի շարք երկրների ղեկավարներ արդեն շնորհավորել են Տոկաեւին ընտրություններում հաղթանակի առթիվ: Առաջին շնորհավորողներից էին Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս տարի անցկացված սահմանադրական բարեփոխումներով Ղազախստանի նախագահի լիազորությունները սահմանափակվել են։ Բացի դրանից՝ պետության ղեկավարն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով։
Պետության ղեկավարի՝ 2019-ի հունիսի 9-ի նախորդ ընտրություններում Տոկաեւը հավաքել էր ընտրողների քվեների 70,96%-ը:
Տոկաեւի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: