Ըստ ABC-ի՝ աշխարհը բախվում է պարենային ճգնաժամի, քանի որ մեր մոլորակի բնակչությունն արդեն դարձել է 8 միլիարդ մարդ։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհի բնակչության թիվը վերջին տասնամյակներին զգալիորեն արագ է ավելացել, եւ այս միտումը շարունակվելու է նաեւ առաջիկա տասնամյակներին, ինչը վտանգավոր է, քանի որ պարենային անվտանգության համար լուրջ մարտահրավերներ է ստեղծում։ Հնարավոր է՝ արդեն առաջիկա տասնամյակներին աշխարհում պարենի պակասորդ զգացվի, եւ լինի սննդամթերքի զգալի գնաճ։
Ըստ աշխարհի տարբեր երկրներին եւ ժողովուրդներին պարենային օգնության հատկացմամբ զբաղվող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ յուրաքանչյուր երեկո 828 միլիոն մարդ ամբողջ աշխարհում պառկում է քնելու քաղցած, եւ սա չափազանց մտահոգիչ թիվ է։
2019 թվականից աշխարհում որոշակիորեն պարենային պակասորդի խնդրին բախվող մարդկանց թիվը 135 միլիոնից աճել է՝ դառնալով 345 միլիոն։ Եվ պատահական չէ, որ Բալիում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ահազանգեց՝ ասելով. «Մենք մոլեգնող պարենային աղետի շեմին ենք»։ Ու մինչ պետությունները փորձում են հասկանալ, թե ինչ անեն, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2030 թվականին աշխարհի բնակչությունը կարող է հասնել 8,5 միլիարդի, 2050 թվականին՝ 9,7 միլիարդի։ Մարդկության թվի արագ աճի պիկը լինելու է, ըստ կանխատեսումների, 2080-ականներին, երբ մարդկության թիվն աշխարհում կհասնի 10,4 միլիարդի։ Մինչ 2100 թվականը այդ թիվը կպահպանվի։ Ընդ որում՝ Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին։
Մյուս կողմից, սակայն, ասել, որ աշխարհում սննդի արտադրության ծավալները փոքր են, սխալ կլինի։ Յուրաքանչյուր տարի աշխարհում արտադրվում է 4 միլիարդ տոննա սննդամթերք, ինչը լիովին բավարար է, որպեսզի կերակրվեն բոլորը։ Սակայն, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 1,3 միլիարդ տոննա սննդամթերք՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, միս եւ այլն, թափվում է որպես ոչ պիտանի ապրանք։ Վայրի բնության հիմնադրամի տվյալների համաձայն՝ որպես ոչ պիտանի ապրանք դեն նետված սննդամթերքի կալորիաների հանրագումարը բավարար է, որ ցանկացած քաղցած մարդ կերակրվի, եւ աշխարհում քաղցը հաղթահարվի։
Լուրջ մտահոգություն են առաջացնում նաեւ սննդամթերքի գնաճը եւ թերսնումը, ինչը հատկապես վնասում է կանանց եւ երեխաների առողջությանը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հատկապես թանկանում են այն սննդատեսակները, որոնք հագեցած են սննդարար նյութերով եւ վիտամիններով։ Կանայք եւ երեխաները, որպես կանոն, ավելի խոցելի վիճակում են եւ ավելի մեծ դժվարությամբ են կարողանում հայթայթել առողջ, սննդարար եւ վիտամիններով հագեցած սննդատեսակներ։ Բացի այդ՝ հատկապես տնային տնտեսությունները պարենային ապրանքների թանկացման ժամանակ անցում են կատարում ավելի էժանագին, տեխնոլոգիական մշակում անցած սննդով սնմանը, ինչը հարվածում է ընտանիքների առողջությանը։ Lancet Global Health-ը հաշվել է, որ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երկրորդ երեխա եւ վերարտադրողական տարիքի կանանց 2/3-րդը ունի առնվազն մեկ միկրոնուտրիենտի պակաս, այսինքն՝ առկա են թերսնման նշաններ։ Երեխաների թերսնումը կարող է բերել զարգացման, կոգնիտիվ խնդիրներ։
Մասնագետներն այս իրավիճակն անվանում են «քողարկված սով»։ Այն չի նկատվում թեեւ, սակայն առկա է եւ քայքայիչ ազդեցություն է թողնում իր ճիրաններում հայտնված անձանց վրա։ Որպես կանոն՝ «քողարկված սովի» հետեւանքները զգացվում են տեւականորեն։
Աշխարհի պարենային անվտանգությանը հարվածել է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ երկու երկրներն էլ համաշխարհային առումով սննդամթերքի կարեւոր մատակարարներ են։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ թերսնված մարդկանց կեսից ավելին բնակվում են Ասիայում, 1/3-րդը՝ Աֆրիկայում։ Պարենային դեֆիցիտին առնչվող խնդիրները հատկապես մտահոգիչ են Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած հատվածներում։ Այստեղ պարենային անվտանգության բացակայությունը 66,2 տոկոս է, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ Սա այն դեպքում, երբ 2050 թվականին բնակչության բնական աճի տեմպի 50 տոկոսը բաժին է ընկնելու հետեւյալ երկրներին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ, Թանզանիայի Միացյալ Հանրապետություն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը