ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Կառույցի պատասխանից պարզ է դառնում, որ Երեւանը Փարիզից մերժումը ստացել է մոտ 1 ամիս առաջ։
ՀՀ դատախազությունից նշել են, որ 2022-ի հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով ՀՀ գլխավոր դատախազություն գրություն է հղել, ըստ որի՝ նույն տարվա հունիսի 29-ին ընդունված որոշմամբ Ֆրանսիայի դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին, այսինքն` Խաչատրյանին, արտահանձնելու դիմումի վերաբերյալ։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ որոշման հիմքում դրվել է Արտահանձնման եվրոպական կոնվենցիան, ըստ որի՝ Խաչատրյանի արտահանձնումը վերջինիս համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետեւանքներ։
Դատախազությունից նշել են նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019-ի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի (2003-ի խմբագրմամբ) 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորություններն անցնելը»), 38-314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելը») 1-ին մասով (2 դրվագ) եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Առանձնապես խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն հանցակից լինելը»)։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդության է ներկայացրել նրան հանձնելու վերաբերյալ: