Սիրիայում ռազմական գործողությունների առնչությամբ Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսեւորելու եւ թույլ չտալու, որ լարվածությունը սրվի:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել է, որ պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ձգտել խաղաղ լուծում գտնելու «քրդական հարցին»։ Բանագնացը նշել է, որ Թուրքիան ՌԴ-ին նախապես չի տեղեկացրել Սիրիայում եւ Իրաքում օդային գործողության մասին, եւ որ հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը։
«Հուսով ենք համոզել մեր թուրք գործընկերներին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Ճանկ-սուր» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 184 զինյալ: Նա հավելել է, որ Անկարայի գործողությունները պատասխանն են օրեր առաջ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի, որի հետեւանքով 6 մարդ էր զոհվել: