Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցութային 3-րդ օրը նախատեսված 4 հանդիպում:
Արգենտինա-Սաուդյան Արաբիա հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ Սաուդյան Արաբիայի թիմի աղմկահարույց հաղթանակով:
Երկրորդ խաղակեսը սկսվել է Սաուդյան Արաբիայի երկու գոլերով: 48-րդ րոպեին գոլ խփեց Սալեհ ալ Շեհրին, 53-րդ րոպեին՝ Սալեմ ալ Դավսարին: Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ: Առաջին խաղակեսում Արգենտինայի հավաքականի երեք գոլերը խաղից դուրս վիճակի համար չեն հաշվվել:
Սաուդյան Արաբիայի հավաքականից, որը 2022-ին անկայուն է հանդես գալիս, նման ճեղքում ոչ ոք չէր սպասում: Հարավամերիկյան թիմերի հետ անցկացրած ընկերական երկու խաղերում պարտություն է կրել միեւնույն 0:1 հաշվով: «Անապատի արծիվները» բավական լավ են պաշտպանվում: Նրանք այս տարի միայն Ճապոնիայի հավաքականից են մեկից ավելի գոլ բաց թողել՝ 0:2:
Արգենտինայի հավաքականը Աշխարհի առաջնություններում հաղթել է 1978 եւ 1986 թվականներին: Սաուդյան Արաբիայի թիմը աշխարհի առաջնության մասնակցում է վեցերորդ անգամ: 1994-ին թիմը հասել էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակչին:
Արգենտինան հարավամերիկյան միակ թիմն է, որը 2002-ի աշխարհի առաջնությունից հետո հասել է եզրափակիչ: Ճիշտ է, 2014-ին Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենտինացիները պարտվել են Գերմանիային՝ 0:1 հաշվով: Թիմի աստղ Լիոնել Մեսին այս անգամ ավելի մարտական է տրամադրված եւ մտադիր է հասնել իր վերջին բաղձալի նպատակին՝ հաղթել աշխարհի առաջնությունում: Արգենտինացիներն այս տարի անցկացրած 9 խաղում տարել են 8 հաղթանակ, եւ միայն Էկվադորի դաշտում են ոչ-ոքի խաղացել:
Դանիա-Թունիս
Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 17:00-ին:
Դանիացիները բավական լուրջ մրցակից են բոլորի համար, քանի որ այս տարի երկու անգամ հաղթել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային Ազգերի լիգայի շրջանակում: Նրանք այդ մրցաշարում տարել են չորս հաղթանակ եւ կրել երկու պարտություն՝ զիջելով միայն Խորվաթիային: Թիմը բավականին հավասարակշռված է եւ կարող դիմակայել ցանկացած ֆավորիտի:
Թունիսի հավաքականն աշխարհի առաջնություն է մտել ի հաշիվ մրցակցի՝ Մալիի հավաքականին խփած միակ ինքնագոլի հաշվին: Թիմն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն այս տարի եվրոպական միակ թիմի հետ խաղում 2:0 հաշվով հաղթել է Չեխիային: Դանիացիները պետք է զգուշանան մրցակցի հակագրոհներից, որոնք շատ արագ ու կազմակերպված են լինում:
Մեքսիկա-Լեհաստան
Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 20:00-ին:
Կարելի է համարել օրվա կենտրոնական հանդիպումը: Երկու թիմերի համար արդյունքը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ իրենց խմբի ֆավորիտը միանշանակ Արգենտինայի հավաքականն է: Մեքսիկացիներն այս տարի անցկացրած 7 ընկերական խաղերում պարտվել են երեք անգամ, ինչը վկայում է անկայունության մասին: Թիմը դժվարությամբ է գրավում մրցակիցների դարպասը:
Լեհաստանի ընտրանին նույնպես անկայուն է հանդես գալիս. հաղթանակներին հետեւում են պարտություններ: Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում լեհերը հաղթել են նվազագույն 1:0 հաշվով: Նրանք երեք անընդմեջ հաղթանակ շատ հազվադեպ են տոնում:
Ֆրանսիա-Ավստրալիա
Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 23:00-ին:
Աշխարհի գործող չեմպիոնն այս տարի անհաջող է խաղում պաշտոնական մրցումներում: Ազգերի լիգայում ֆրանսիացիները տարել են ընդամենը մեկ հաղթանակ 6 հնարավորից: Թիմը սկսել է քիչ գոլեր խփել: Այդ խնդիրը կարող է խորանալ նաեւ Կատարում, քանի որ հավաքականի ամենափորձառու հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել աշխարհի առաջնությանը:
Ավստրալացիները բարձր տրամադրությամբ են ներկայացել առաջնությանը, քանի որ վերջին հինգ խաղերում հաղթել են մրցակիցներին: Իհարկե, այդ հանդիպումներում ամենալուրջ հակառակորդը եղել է Պերուի ընտրանին, որն անցումային խաղում զիջել է լրացուցիչ ժամանակում: Ավստրալիայի հավաքականը «ամուր կաղին» է, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս անգլիական թիմերում, որտեղ պայքարում են մինչեւ խաղի վերջին ակնթարթը: