Ադրբեջանում հասկացել են՝ խաղաղության պայմանագիր առաջիկայում չի լինելու: Ուրեմն ի՞նչ է լինելու: Լինելու է այն, որ Հայաստանը մտադիր է ու կարող է ուժեղանալ: Իսկ ի՞նչ անել, որ չուժեղանա: Պետք է թույլ չտալ շնչել: Հայաստանը չափազանց ակտիվորեն է խոսում զենքեր ձեռք բերելու մասին: Քիչ է մնում ասի, թե նույնիսկ ինչ զենքեր է ձեռք բերում: Ահա ինչու ամեն օր ռմբակոծում են հարավարեւելյան սահմանները, որպեսզի Հայաստանը չմոռանա, թե տարածաշրջանային գործընթացներում ով է դրության տերը:
Կարելի է ենթադրել, թե հենց Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղության գործընթացը, ինչպես կարծում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Բայց այդպես չէ: Ադրբեջանին օր առաջ է պետք խաղաղության պայմանագրի ստորագրումը, եւ մեր պետությանն ուղղված ամենօրյա ռմբակոծությունները ՀՀ-ին պիտի հիշեցնեն, թե ինչքան անհանգիստ է լինելու «դարաշրջանն» առանց խաղաղության: Պարոն Մարուքյանը դժգոհում է նաեւ միջազգային թողտվությունից: Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանն արդեն համոզված հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության:
Իսկ ինչի՞ն է դիմադրում Հայաստանը: Մեզ իսկապե՞ս խաղաղություն պետք չէ: Հարցն էլ հենց այն է, որ խաղաղություն մեզ պետք է: Բայց Ադրբեջանն օգտագործում է խաղաղության մեջ իր հավակնություններն ու Ռուսաստանի, այսինքն՝ ՀԱՊԿ-ի հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու սպառնալիքի դեմ Հայաստանի վախերը:
Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը սահմանին ուզում է տեսնել միայն եվրոպացի դիտորդների: Կրակում է, որ ՀԱՊԿ-ը գա: Իսկ եթե ՀԱՊԿ-ը եկավ, դա Ռուսաստանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ կդառնա Մեղրիի միջանցքը ստանալու հարցում: Իհարկե, Հայաստանը ոչ մի գնով չի համաձայնի Մեղրին զիջել, կարծես թե Իրանն էլ մտադիր չէ դա թույլ տալ: Բայց ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը մատը մատին չեն խփի, եթե Ադրբեջանը Սյունիքում լայնածավալ պատերազմ սկսի հենց խաղաղության գործընթացն արագացնելու պատրվակով: Այդ դեպքում ո՞ւմ պիտի դիմի Հայաստանը: Բնականաբար, առաջինը կդիմի ՀԱՊԿ-ին: Իսկ ՀԱՊԿ-ն այս անգամ կգա, բայց միայն ռուսական զինվորներով, որովհետեւ ՀԱՊԿ-ի մյուս երկրները հաստատ Ադրբեջանի դեմ կանգնելու համար զորքեր չեն ուղարկի: Վերջնարդյունքում Ռուսաստանը կստանա այն, ինչ Հայաստանը կարող էր նրան տալ առանց պատերազմի:
Իհարկե, դեպքերի այսպիսի զարգացումը միանշանակ չէ: Հայաստանում մեկնարկում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը: Ինչ-որ զարգացումներ արդեն ըստ այդ գագաթնաժողովի կարելի է նկատել:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: