Նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ձեւաչափով արտահերթ նիստը: Նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը:
Երեւանում կանցկացվի նաեւ ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Գումարվելու է ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստ: Հավաքը տեղի կունենա նեղ եւ ընդլայնված կազմով:
Նախատեսվում է, որ կքննարկվեն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը եւ կազմակերպության գործունեությունը: Ենթադրվում է, որ կընդունվի ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների հայտարարությունը՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման, ինչպես նաեւ սպառազինությունների վերահսկմանն առնչվող հարցերով:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ քննարկելու են անդամ երկրների եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի համար կարեւոր հարցեր: Ըստ Միրզոյանի՝ օրակարգում արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա: